Արման Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունները թողած՝ Փաշինյանի հոդվածն է աղավաղում

01-05-2018
9694 դիտում
Արման Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունները թողած՝ Փաշինյանի հոդվածն է աղավաղում

Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի թեկնածուի ընտրության հարցը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Արման Սաղաթելյանի հարցը վերաբերում էր Փաշինյանի կողմից Արցախի վիճելի 7 շրջանի մասին տարիներ առաջ գրած հոդվածին: Սաղաթելյանը մեջբերում կատարեց Նիկոլ Փաշնիյանի՝ դեռևս 2001 թվականին հրապարակած հոդվածից. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշին»։ Նիկոլ Փաշինյանը դեզինֆորմացիա անվանեց Արման Սաղաթելյանի կողմից ընթերցված տեքստը և հայտարարեց, որ 15 անգամ ինքը հերքել է այդ սուտը:

Արման Սաղաթելյանն այդքանով չբավարարվեց և իր ելույթում կրկին անդրադարձավ 2001 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածին, որի մի օրինակը ելույթի պահին ցուցադրում էր պատգամավորներին:

Իրականում Արման Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանի հոդվածից մեջբերում կատարեց՝ միտքը կոնտեքստից կտրելով, մեկ կարևոր նախադասություն բաց թողնելով և վերջում մեկ այլ տեղից մեկ նախադասության կցելով, որի արդյունքում ստացավ վերը նշված մեջբերումը: Թե ինչ է իրականում գրել Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում, կարող եք տեսնել Փաշինյանի հիշյալ հոդվածի բնօրինակից արված լուսապատճենում:

Այս պայմաններում անհրաժեշտ է հիշել, թե ի՞նչ պատկերացում է ժամանակին ունեցել Արման Սաղաթելյանի անդամակցած կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ 7 շրջանների հետագա կարգավիճակի մասին:

2016 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրելղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Խոսելով Կազանում 2011 թվականին չստորագրված փաստաթղթի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել էր. «…մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի:Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով»:

2011 թվականին «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ասել էր. «Ոչ ոք չի հերքում, որ այո՛, կան տարածքներ, որոնք նախկինում Ադրբեջանի կազմում էին, տվյալ պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ»:

Ըստ նրա. «Դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններն էին, որոնց վրա վերահսկողությունն իրականցվել է անվտանգության գոտի ստեղծել ու նպատակով, որպեսզի ադրբեջանական բանակի այն ժամանակվա սպառազինությամբ հնարավոր չլիներ գնդակոծել բնակելի շրջանները»:

Դեռևս 2001 թվականի մայիսի կեսերին էլ Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում այն ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարց-մեղադրանքին, թե 2001թ. ի վեր ինքը խոսում է փոխզիջումների մասին և դրանով կատարում ԵԱՀԿ-ի հանձնարարությունը, ասաց. «Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնել շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»։

Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Այս հարցադրմանը Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

Աղբյուրը՝ sut.am