Դա՞ է դրական ազդակը, որ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրում է հարևան երկրների տարածքների վրա աչք ունենալու համար. Թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

– Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի հետ այս պահին բանակցություններ չեն վարվում: Ավելին, թուրքական մամուլը գրում է, որ հիմնականում հայկական կողմն է շահագրգիռ հարաբերություններ հաստատելու, որովհետև անելանելի վիճակում է գտնվում: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և, ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարն այս փուլում:

– Էրդողանը սահմանները բացելու պատրաստակամություն է հայտնում: Այդ սահմանները 1993-ի մարտին Թուրքիան է միակողմանիորեն փակել, Հայաստանի սահմանները միշտ էլ բաց են մնացել, Հայաստանը փոխադարձ քայլ չի արել:

Միջպետական հարաբերություններում միշտ էլ փոխադարձության սկզբունք գոյություն ունի, Հայաստանն այդ սկզբունքը չի կիրառել: Հիմա Էրդողանը սահմանները բացելու պատրաստակամություն է հայտնում ու սպասում է Հայաստանի պատասխանին: Ինչի՞ համար, դուք եք փակել, դուք էլ բացեք:

Դա նշանակում է, որ սահմանները բացելու ինչ-որ նախապայմաններ ունի: Բանավոր հայտարարություն է անում, որ Հայաստանն արձագանքի, Հայաստանի արձագանքի դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում Հայաստանին նախապայմաններ առաջադրելու, ընդ որում՝ սահմանի բացման համար: 

Իրականում, առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու բացված սահմանները բացելուց մի քանի ժամ հետո կարելի է շատ հեշտությամբ փակել: Եթե նա անկեղծորեն շահագրգիռ է սահմանները բացելու հարցում, ինչը խիստ կասկածելի է, ապա պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի:

Այդ դեպքում սահմաններն ինքնըստինքյան բացվում են, դեսպանատներ են բացվում, նորմալ հարաբերություններ են հաստատվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Թեև այդ նորմալն էլ խիստ հարաբերական է Թուրքիայի պարագայում: 

Ես մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել էի հենց այդ առումով, որ եթե Էրդողանը մի բան է ասում, նա արձագանքի է սպասում, Փաշինյանն էլ նրա ուզածը տալիս է: Ասում է՝ Հայաստանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից, մենք էլ այդ ազդակներին դրական ազդակներով պետք է պատասխանենք: Դրական ազդակը կլինի այն, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն: 

Էրդողանը միջպետական հարաբերություններում փոխադարձության սկզբունքի մասին, հավանաբար, կիմանա: Իմանալով հանդերձ՝ ստորություն է անում և արձագանքի է սպասում:

Դրա համար եմ ասում՝ ի՞նչ դրական ազդակ, Էրդողանն ընդամենը պատրաստակամություն է հայտնել: Մենք 1991-ից ի վեր այնքան դրական ազդակներ ենք ստացել, այդ ընթացքում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը, որն ընդգծված թշնամական է, չի փոխվել Թուրքիայում: 

– Իսկ ինչո՞ւ է Հայաստանն այդքան շահագրգիռ այս հարցում, և վարչապետը հայտարարում է դրական ազդակների առկայության մասին:

– Ինձ թվում է, որ Պուտինի գործոնն է այստեղ աշխատում, եթե նա չլիներ, դրական ազդակներին դրական ազդակներով չէինք պատասխանի:

Մյուս կողմից ի՞նչն է դրական: Եթե վարչապետը խոսում է որոշակի դրական ազդակների մասին, գոնե դրանցից մեկը պետք է նշի, վերացական արտահայտություն է անում: Դրական ազդակը կլիներ այն դեպքում, եթե Էրդողանը հայտարարեր, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների համար առաջադրվող նախապայմաններից Թուրքիան հրաժարվում է: Դա՛ կլիներ դրական ազդակ: 

Հիշեցնեմ այդ նախապայմանները. 1991-ին դրվեցին նախապայմաններ՝ չհիշատակել 1915 թվականի մասին, ստիպել Արցախին, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, դադարեցնել սփյուռքի հակաթուրքական գործունեությունը, այսինքն՝ սփյուռքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար չպայքարի: 

Եթե երկու պետություններից մեկը իր անմիջական հարևանին դիվանագիտական հարաբերությունների համար նախապայմաններ է առաջադրում, այն էլ՝ երրորդ երկրի պատճառաբանությամբ, դա միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ թշնամական ակնհայտ դրսևորում է: Այսինքն՝ Թուրքիան 1991-ից ի վեր Հայաստանի հանդեպ ակնհայտ թշնամական քաղաքականություն է վարում: 

Դեմիրելը ժամանակին եկել էր Կարս ու լկտիաբար հայտարարում էր՝ մեր հողե՞րն եք ուզում, եկեք վերցրեք, ես այստեղից ձեզ եմ դիմում: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն են հաճախ այդպիսի հայտարարություններ արել: Բոլորն էլ արել են: 

Կամ Թուրքիայի նախկին վարչապետներից մեկը՝ Բյուլենթ Էջևիթը, որ արդեն մահացել է, 1993-ին, բացի այս նախապայմաններից, Թուրքիայի Մեծ ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի դիմաց Մեղրին պետք է զիջի մեզ:

Որպեսզի Մեղրիի միջանցքով ցամաքային հաղորդակցության կապ հաստատի Ադրբեջանի հետ, որ Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդի, դրա շնորհիվ Հարավային Կովկասում տարածի իր քաղաքական ազդեցությունը, որից հետո Ադրբեջանն օգտագործելով որպես ցատկահարթակ՝ ներթափանցի Միջին Ասիա: Դա իրատեսական չէ, Միջին Ասիայի պետություններից, օրինակ՝ Ուզբեկստանը բավական լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Նույնն էլ Թուրքմենստանը: 

– Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին և ասել, թե կոշտ ուժը կիրառվում է դիվանագիտությունը վերստին գործարկելու համար, նաև մեղադրել է Հայաստանին հարևան երկրների տարածքների վրա աչք ունենալու համար:

– Հիմա դա՞ է դրական ազդակը: Թող Փաշինյանը դա կարդա ու մտածի այդ մասին: 1991 թվականից ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ակնհայտորեն չեն խոսել Արևմտյան Հայաստանի մասին:

Կարող են առանձին գործիչներ խոսել, բայց առանձին գործիչների կամ կուսակցությունների հայտարարությունները Հայաստանին չեն պարտավորեցնում: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը վեր է կենում և ուրիշների հողերի վրա աչք ունենալու մասին է խոսում: 

Չավուշօղլուն էլ լավ գիտի, որ մենք այս վիճակում աչք ունենալ չենք կարող, չունենք դրա կարողությունը: Ես մի անգամ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ ուզելով հող չեն տալիս: Այսինքն՝ եթե այդպես լիներ, մենք 1878 թվականի Բեռլինի կոնֆերանսից ի վեր հող էինք ուզում, բայց ինչի՞ հանգեցրեց այդ ուզելը, հանգեցրեց Ցեղասպանության: 

– Այսինքն՝ դրանք այսօր սին պատրանքնե՞ր են:

– Դա ճնշում գործադրելու մեկ այլ ձև է, բայց դրա թիկունքին թաքնված է Արևմուտքին դրական ազդանշան հաղորդելու նկրտումը: Ուզում է ասել, թե մենք Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն ենք հայտնում, բայց հայերը մեր հողերի վրա աչք ունեն, դրա համար էլ մինչև հիմա հարաբերություններ չենք հաստատել:

Մանե Հարությունյան

MediaLab.am