«ժողովուրդը հավատացել է, որ իր առաջնորդն իրեն սիրում է, դրանից բարձր բան չկա: Ինքը կվստահի ու կգնա». Լալա Մնացականյան

21-09-2018
6166 դիտում
«ժողովուրդը հավատացել է, որ իր առաջնորդն իրեն սիրում է, դրանից բարձր բան չկա: Ինքը կվստահի ու կգնա». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է դերասանուհի Լալա Մնացականյանը:

- Տիկի՛ն Մնացականյան, ապրիլյան հեղափոխությունից հետո անկախության գիտակցման առումով ի՞նչ է փոխվել Հայաստանում:

- Որպեսզի ինչ-որ բան իսկապես փոխվի, պետք է մեր հոգեբանության մեջ փոփոխություն լինի: Ես կարծում եմ, որ արդեն սկսվել է հոգեբանության մեջ որոշ բաներ փոխվել: Մարդիկ սկսել են ավելի շատ իրենք իրենց տեսնել, գնահատել, արժևորել, հասկանալ իրենց իրավունքները: Մարդիկ հանգիստ հայտնում են իրենց կարծիքը, տեսակետը: Ամեն դեպքում մարդկանց վրա բռնություն, սարսափ, պատիժ չեն կիրառվում, մարդն ասում է այն, ինչ ինքը մտածում է: Բայց որպեսզի մեզ մոտ սկսի բան փոխվել, մենք ինքներս մեզ պետք է շատ բանով փոխենք, հոգեբանորեն պետք է փոխվենք:

- Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում մարդը գիտակցեց, որ կարող է բան փոխել ու փողոց դուրս եկավ:

- Մարդը միանգամից չի գիտակցում, դա կուտակվում է: Տարիներ շարունակ մարդու ես-ը, տեսակը, արմատը անընդհատ ոտնահարվում էին: Մարդուն կարելի էր կշտացնել, ոնց են ասում՝ փորը կուշտ լինի, բայց մարդ արարածը միայն ֆիզիկական չի գոյատևում:

Մենք կորցնում էինք մեր հոգևոր բոլոր արժեքները, մենք որպես արարած կորցնում էինք տիեզերքի հետ մեր կապը: Միայն ուտելով, խմելով ու ավտո քշելով չէ մարդը մարդ դառնում: Դա կուտակվեց-կուտակվեց և պայթեց: Ես իմ բոլոր հարցազրույցներում ասում էի՝ վայրկենական է լինելու փոփոխությունը, անսպասելի է լինելու, որովհետև չի կարող ճակատագրի անիվն անընդհատ հակառակ պտտվել:

Եվ հիմա ինքն արդեն պտտվում է: Մենք ի վերջո արժանապատիվ ժողովուրդ ենք ունեցել, եկան ինչ-որ անհասկանալի արարածներ և որոշեցին ասել՝ դու արժանապատվություն չունեցող ժողովուրդ ես, ընդհանրապես ո՛չ պատիվ ունես, ո՛չ հարգանք, ո՛չ տեսակ ես, ո՛չ էլ բարոյական ու առաքինի ես, դու զրո ու ստրուկ ես: Հանճարեղ է ասում Պարույր Սևակը՝ մեր մեջ հակառակության ոգին է խոսում, որը մեզ պահպանել է: Եվ հանկարծ այս ժողովրդի մեջ գիժ Սասունցի Դավիթն արթնացավ, ասաց՝ մի րոպե, այս ի՞նչ եք անում մեզ հետ:

- Ժողովուրդը պատրա՞ստ է իր սկսած հեղափոխությունն ավարտին հասցնելու:

- Ամեն դեպքում ժողովուրդը պատրաստ է, բայց առաջնորդը պիտի շարունակի տանել ժողովրդին: Մենք դեռ այնքան չենք կայացել, որ ինքնուրույն առաջ գնանք, առաջնորդ է պետք: Ժողովուրդը պետք է հավատ ունենա, որ իր առաջնորդն իրեն սիրում է: Իսկ ժողովուրդը հավատացել է, որ իր առաջնորդն իրեն սիրում է, դրանից բարձր բան չկա: Ինքը կվստահի ու կգնա:

- Տեղեկություններ կան, որ հակահեղափոխական ուժերը հույսեր են փայփայում, թե մարդիկ մինչև գարուն կհիասթափվեն Նիկոլ Փաշինյանից, քանի որ, ասում են՝ կոնկրետ բարեփոխումներ չկան:

- Հին իշխանությունների համար բարեփոխումը ուտելիքով, մեքենայով և տան սենյակներով էր ավարտվում: Ժողովուրդն այսօր հոգևոր բարեփոխումների վիճակի առաջ է կանգնած: Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, ժողովուրդն այնքան է արդարությունից սոված մնացել, արդարության սով տեսել, ազնվության սով տեսել, որ արդարությանն է կարոտ, ի՞նչ բարեփոխումներ: Իրենք ուղղակի շարունակում են այս ժողովրդին դեռ նայել կերակրամանի հոգեբանությամբ: Բայց ժողովուրդը փոխվել է:

- Չե՞ն կարողանալու այլևս կաշառքով տանել ընտրությունների:

- Ո՛չ: Իհարկե կլինեն դեպքեր, բայց ոչ համատարած: Մանավանդ երիտասարդներին հնարավոր չէ իշխել, ուրիշ երեխեք են եկել: Կերակրամանն էլի կարևոր է, բայց ո՛չ առաջնային, ինչպես նախորդ իշխանությունների օրոք էր, երբ կերակրամանը դրեցին ժողովրդի առաջ ու ասացին՝ այս լափից օգտվիր: Մեր ժողովուրդը դա չէ, մեր ժողովուրդը բարձր հոգևոր արժեքներ ունեցող ժողովուրդ է:

- Այսինքն՝ դուք բացառո՞ւմ եք, որ մարդիկ կհիասթափվեն իրենց առաջնորդից:

- Այո՛: Գիտե՞ք ինչ, եթե մենք մտածենք այդ մասին, դա կլինի, բայց ես բացարձակ չեմ մտածում: Մարդը երբեք չի հիասթափվում ազնիվ մարդուց, իսկ Նիկոլ Փաշինյանն ինձ համար ազնիվ մարդ է: Մարդիկ հիասթափվում են, երբ իրենց խաբում են, նվաստացնում են:

- Այս փուլում տեղի ունեցող կոռուպցիոն բացահայտումները շա՞տ են զարմացնում:

- Չէ՛, ես գիտեի այս մասին: Ես շատ բան գիտեի, խոսում էի, ես նույնիսկ տեսնում էի, որ մենք կորցնում ենք Հայաստանը: Բայց գիտեք ինձ ի՛նչն է զարմացնում, որ այս գռփելը տակ չունի: Այսքան անտա՞կ են գռփել: Անդունդը, որ մեկ-մեկ նայում ես, տակը տեսնում ես: Տնաշեննե՛ր, ես տակը չեմ տեսնում: Բայց երբեք մի՛ մտածեք, որ կհուսահատվենք: Այն ժողովուրդը, որը հաղթել է, տարբերակ չունի հուսահատվելու, ինքը դրա իրավունքն արդեն չունի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am