«Ուզում են՝ Հայաստանի իշխանությունները պատասխանեն՝ արդյոք պատրա՞ստ են մտնելու այն գետը, որը մտել էր Սերժ Սարգսյանը՝ Լավրովի պլան, Կազան և այլն». քաղաքագետներ

19-10-2018
3269 դիտում
«Ուզում են՝ Հայաստանի իշխանությունները պատասխանեն՝ արդյոք պատրա՞ստ են մտնելու այն գետը, որը մտել էր Սերժ Սարգսյանը՝ Լավրովի պլան, Կազան և այլն». քաղաքագետներ

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ձևակերպումներն ավելի մեղմ են, քան նախկինում եղել են ամերիկյան գործիչների կողմից: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կնետրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով՝ նախկինում էլ ամերիկյան կողմը խոսել է այդ մասին: Քաղաքագետը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան կողմի ներկայացուցիչներից մեկն անգամ պարզ ու հստակ խոսում էր «7 շրջանները պարտադիր հանձնելու մասին»:

«Դեսպանը կրկնել է այն, ինչ բոլորը կրկնում են, ավելի մեղմ է ասել, քան մինչ հիմա ասում էին: Մոտ երկու տարի առաջ խոսում էին, որ 7 շրջան պետք է վերադարձնենք»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

«Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»,- նշել էր դեսպանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով ԱՄՆ դեսպանի ձևակերպումներին, լրագրողներին ասել է, որ Հայաստանն իր դիրքորոշումների շրջանակներում է բանակցում և հետագայում էլ այդ դիրքորոշումները պահպանելու է:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմից որևէ դիրքորոշում տեսանելի չէ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Ոչ մի հստակ դիրքորոշում չկա՝ իրենք շարունակո՞ւմ են Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցել, թե՞ ոչ: Այս պահին չեն ասում՝ կոնկրետ ինչի՞ մասին են հիմա Ադրբեջանի հետ իրենք խոսում»,- նշում է նա:

«Այս պահին կարևոր հարցն այն է, որ հայկական կողմը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»,-համոզված է Մանվել Սարգսյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ԱՄՆ դեսպանը, օգտնվելով առիթից, որ հեռացող դեսպան է, այդ հայտարարությամբ փորձել է մի քանի ուղղությամբ հետախուզում իրականացնել:


«Առաջինը՝ ամերիկյան կողմը տեսնում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ինչ-որ փոփոխություն կա: Երկու երկրների ղեկավարները սկսել են միմյանց գովել, խոսել հրադադարի ռեժիմը պահպանելու մասին: Եվ ակնհայտորեն հարց է ծագում ՝չլինի՞ ինչ-որ պրոցես կա, որի մասին ամերիկյան կողմը՝ որպես համանախագահ, տեղյակ չէ, կամ նախապատրաստվում է մի պրոցես, որից ամերիկյան կողմը դուրս է: Եվ թերևս այն, ինչ Միլսը բարձրաձայնել է, իրականում ավելի շատ ռուսական պլան է՝ տարածքներ խաղաղության դիմաց: Ամերիկյան կողմը երբեք այդպիսի բանաձև առաջ չի քաշել»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը միշտ նշել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, երեք սկզբունքների պահպանմամբ:

Այսինքն՝ ամերիկյան կողմի դիրքորոշումն այն է, որ համապարփակ լուծում պետք է տալ խնդրին, այդ թվում՝ կարգավիճակի պահպանմամբ: Եվ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, Սաֆարյանի խոսքով, դուրս է այս ամենից և շատ նման է Լավրովի պլանին՝ ուղղակի զիջել տարածքներ, որպեսզի Ադրբեջանը պատերազմ չսկսի:

«Հետևաբար, կարելի է միանշանակ պնդել, որ հետախուզում է իրականացվում, և ուզում են, որպեսզի Հայաստանի իշխանությունները հստակ պատասխանեն՝ արդյոք իրենք պատրա՞ստ են մտնելու այն գետը, որը մտել էր Սերժ Սարգսյանը՝ Լավրովի պլան, Կազան և այլն: Եթե նրանք հաստատեն, նշանակում է, որ ինչ-որ բան է պատրաստվում, որից ամերիկյան կողմը տեղյակ չէ: Այլապես իրենք էլ պետք է հասկանալի բացատրություն տան, թե ինչ պատահեց Ալիևին, ով հանկարծ համաձայնեց այլևս կորուստներ չպատճառել հայկական կողմին, ինչը նրա զինանոցում կարևոր լծակ էր»,- ասում է Սաֆարյանը:

Ըստ քաղաքագետի՝ ամերիկյան կողմը պետք է հասկանա, թե որն է այս ֆենոմենի պատճառը, մի՞թե կա ինչ-որ բան, դեպի որը շարժվում են: Դրա համար էլ, ըստ Սաֆարյանի, ամերիկյան կողմը հրապարակ է նետում այն, ինչին նախկինում միամտաբար համաձայնվել էր Սերժ Սարգսյանը: Փորձում են հասկանալ՝ արդյոք Հայաստանի նոր իշխանությունները փորձո՞ւմ են մտնել այդ նույն գետը և նույն բանաձևո՞վ առաջ են շարժվելու, այն է՝ տարածքներ խաղաղության դիմաց:

«Դեսպանի խոսքում մենք տեսնում ենք նաև ընդհանուր ամերիկյան կողմի մոտեցումները, որ հայ ժողովուրդը պետք է որոշի դա, դա ինքնորոշման խնդիրն է: Մենք մանիպուլյացիաների դաշտում այս ամենը մոռացանք: Դեսպանը խոսում է, որ իրեն զարմացրել է, որ 2016-ից հետո էլ տարածքները զիջելու պատրաստակամությունը նվազել է, որ այլևս կարծես որևէ մեկը կողմ չէ դրան: Այսինքն՝ շատ նուրբ հարցազրույց է ինքը տվել և իրականում զոնդաժ է եղել»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ սա լուրջ հարցազրույց է, պետք է կտրվել էմոցիաներից ու հասկանալ կոնտեքստը, թե ինչն է մտահոգում ԱՄՆ-ին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am