ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

«Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն  ընդգծել է, որ ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի  և զինված ուժերի հստակ մարտավարության ու գործողությունների շնորհիվ 2019թ.-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը և շարունակել լրացուցիչ ջանքերի ներդրումը՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով: Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ներկայացնելով կատարված աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու բացթողումները՝ ԶՈՒ ԳՇ պետը փաստել է, որ լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները, ինչպես նաև մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի զարգացման աշխատանքները:

Ուժերի և միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել կատարելագործել զինանձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները և հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերի և բյուջետային հատկացումների ոլորտում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները:

Առաջիկա անելիքների վերաբերյալ որոշակի խնդիրներ է առաջադրել և հանձնարարականներ տվել  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նիստը եզրափակվել է ՀՀ ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ստորաբաժանումների և սպաների պարգևատրման արարողությամբ»,- ասված է հաղորդագրությունում: