«Ա1+»-ին եթեր. «Ժառանգություն»-ը առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել

«Ա1+»-ին եթեր. «Ժառանգություն»-ը առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել
«Ա1+»-ին եթեր. «Ժառանգություն»-ը առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել

«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել` ՀՌԱՀ-ի կողմից «Ա1+»  հեռուստաընկերության հայտը մերժելու կապակցությամբ:
Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը խմբակցության անունից դիմել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին` հանդես գալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ:
ԱԺ ամբիոնից «Ժառանգության» պատգամավորի արած հայտարարության համաձայն` ՀՌԱՀ-ը թույլ է տվել մի շարք ապօրինություններ, եւ մասնավորապես, ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը, խախտելով անմեղության կանխավարկածը` մեղադրել է «Ա1+»-ին փաստաթղթեր կեղծելու մեջ, այն դեպքում, երբ կեղծիքի փաստ, որպես այդպիսին, դատարանի կողմից հաստատված չէ:

Երկրորդ, եթե «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված հանձնաժողովը խնդիրներ էր նկատել, ապա նա կարող էր առաջարկել «Ա1+»-ին համապատասխան պարզաբանումներ ներկայացնել:

«Բացառությամբ հանձնաժողովի մեկ անդամի, բոլորը «Ա1+»-ի մրցութային հայտը գնահատել են 0 միավոր, այն դեպքում, երբ գնահատումն իրականացվել է բազմաթիվ չափանիշներով. 0 միավոր գնահատած հանձնաժողովականների թվում են նաեւ ՀՌԱՀ թափուր տեղերի համար 2009 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ կողմից նշանակված 4 անդամները` Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը, Արմեն Մկրտչյանը, Հայկ Քոթանյանը: Ելնելով այն հանգամանքից, որ օրենսդիր մարմինը ունի վերահսկողական գործառույթներ, «Ժառանգություն» խմբակցությունը գտնում է, որ ՀՌԱՀ-ի առնվազն 4 անդամները, որոնք նշանակվել են խորհրդարանի կողմից, պետք է ԱԺ-ում բացատրություններ եւ հիմնավորումներ ներկայացնեն` իրենց այդ գնահատականների ու կայացրած որոշումների համար»,- հայտարարել է Ալավերդյանը:

© Medialab.am