Դատապարտում ենք Սամվել Վարդանյանի խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը. Հելսինկյան ասոցիացիա

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։

Ըստ Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի ու Վարազդատ Հարությունյանի’ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Վարդանյանը հայտնել է, որ միջադեպից հետո դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվել Վարդանյանին, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

Հասատանի համար այս օրհասական օրերին, երբ ամբողջ քաղաքակիթ աշխարհը Հայաստանին աջակցելու հիմքում դնում է «ընթացքը դեպի ժողովրդավարություն», նման օրինակ գործողություննների հաճախակի և առավել այլասերված դրսևորումներն ուղիղ հարված է ուղղված մեր երկրի ներքին և արտաքին անվտանգությանը։

Առավել վտանգավոր է, երբ նման օրինակ գործողություններին ներգրավված են լինում արդարադատության «բարեփոխված» կառույցները, պետական պաշտոնյանները, ժողովրդավարության «ջատագովները»։

Նման «ակտիվությունը» և դրանց վերաբերյալ կամ քաղաքական գնահատականի բացակայությունը, կամ արդարացումը կարող է միայն մի նպատակ ունենալ՝ շարունակել մնալ ավտորիտար/դիկտատորական համակարգերի անդամ և հրաժարում ժողովրդավարական ճանապարհով զարգացման ուղուց։

Պատկան մարմիններից՝ դատախազությունից և քննչական կոմիտեից պահանջում ենք

– հրատապ կարգով քրեադատավարական օրենքի ամբողջ գործիքակազմի կիրառմամբ իրականացնել մանրազննին քննություն, մեղավոր անձանց ենթարկել քրեական պատասխանատվության և

– հանրությանը ներկայացնել բավարար հաշվետվություն։

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

17.04.2024 թ.