Եթե Ազգային ժողովը ՍԴ հարցը չի լուծելու, ուրեմն ինքն անձամբ խաղում է մեր ժողովրդի անվտանգության ու ճակատագրի հետ. Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարո՛ն Շիրինյան, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամն ավելի արագ և առանց հանրաքվեի լուծվի։ Օրերս էլ ՍԴ հարցով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Դուք ավելի վաղ ասում էիք, որ առանց հանրաքվեի պետք է Ազգային ժողովը միանգամից լուծի ՍԴ հարցը։

– Հիմա էլ եմ պնդում, որ այդ հարցը շտապ պետք է լուծվի, և պետք է լուծի Ազգային ժողովը։ Ազգային ժողովի իշխող ուժն այդ բացարձակ մեծամասնությունը չի ստացել այն բանի համար, որ աջ ու ձախ նեյնիմ անի։ Երկիրը ժամանակ չունի, ռեսուրս չունի, աշխարհը հարափոփոխ է։

Մենք տեսնում ենք, թե ինչ խայտառակ վիճակ է, մենք պետք է այս վիճակից դուրս գանք նախ՝ առողջացած, այսինքն՝ գիտաարդյունաբերական Հայաստան ստեղծելով, որովհետև սա արհավիրք է։ Պետությունները դառնում են էգոիստ, աշնանը երևի շատերը սահմանները կփակեն, մենք տեսանք, թե Եվրոպան ոնց մի քանի օրում սահմաններն ուրվագծեց։ Եվ այստեղ լինելու է այնպես, որ խեղդվողի փրկությունն իր գործն է լինելու։

Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ գողապետության, նրանց թերմացքների, նրանց ներդրած գործակալների պատճառով երկիրն անպատրաստ գնա դեպի ապագա։ Սահմանադրական դատարանն ու դատական համակարգն այն օղակներից են, որի վրա նրանք մեծ հույսեր են դրել, այդ խայտառակ դատավարությունները։

Դրա համար Ազգային ժողովը պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա, պետք է հիշի, որ ինքը ծնվել է հեղափոխությունից, չնայած ինքը չի հավատում, բայց իրեն ծնեցրել են հեղափոխությունից։ Հետևաբար, պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա ու մեկ նիստով հարցը փակի։

– Իշխանությունները կարծես դա հասկացել են ու փորձում են քայլե՞ր անել։

– Պետք է վիրո՞ւսը լիներ, որ հասկանային։ Պետական ապարատը շատ արագ պետք է կարգի բերել ու կազմակերպվել, որովհետև մենք աշխարհի հետ միասին գնում ենք շատ անհայտ վիճակների։

Աշնանը պարենի, ճանապարհի հարց է լինելու, ասում են՝ այս վիրուսն արագ վերացողը չէ, չէ՞։ Այդ սպառնալիքը կա, դրա համար մենք պետք է ոչ միայն հայի բնավորության համաձայն սպասենք, որ տեսնենք, թե ինչքան վատ կարող է լինել, այլ պետք է աշնանը պատրաստվենք շատ լավ բաների ու շահենք։

Պետություններն այս փուլում դիրքավորվում են, որպեսզի այդ վիճակից շահած դուրս գան։

Կարծես թե ՍԴ ճգնաժամի լուծման հարցում Հայաստանի իշխանությունները կարևորում են Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, դիմել են հանձնաժողով, սպասում են կարծիքի։

– Մեզ համար չպետք է նշանակություն ունենա Վենետիկի, Փարիզի, Ջենովայի կամ Նյու Յորքի կարծիքը։

Այդ հանձնաժողովները մեզ համար չեն, դրանց աշխարհը կառավարում են իրենց կարգով։ Դա մեզ չի վերաբերում, քանի որ խորհրդատվական մարմին են, Հայաստանի Ազգային ժողովի ուղեղն այդքան չի՞ հասնում, որ այդ հարցը պետք է քվեարկի ու վերջացնի։

Դուք հիշեք մի բան՝ 1915 թվականին սկսվեց Ցեղասպանությունը, մի պետություն, մի ժողովուրդ մատը մատին չխփեցին, բացի ամերիկացիներից, ովքեր շտապ օգնություն էին հավաքում որբերի համար։

Ես կարծում եմ՝ ՍԴ հարցը Ազգային ժողովով պետք է շատ արագ լուծվի, երկրորդ՝ պետական ապարատը պետք է շատ արագ կարգի բերվի։ Երրորդ՝ նաև լրատվական դաշտի խեղկատակությունը պետք է վերացվի։

Սահմանադրական դատարանն ու եթերն այսօր բռնաբարում են հայ ժողովրդի իրավունքներն ու կամքը, հեղափոխությամբ արտահայտած կամքը։ Կարգի՛ բերեք, եթե ոչ՝ մերժի՛ ր Սերժին։

Եվ այսօրվա դատավարություններն արագ պետք է իրականացվեն։ Եթե դուք դա կանեք, աշխարհում մեր արժանապատվությունը խիստ կբարձրանա։ Եթե այսպես քարշ եք տալու, մեր արժանապատվությունը տրորվում է։

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խիստ վիրավորված եմ այդ ֆոկուսներից։ Եթե իրենք չէին կարողանում այս հարցերը լուծել, թող իշխանության չգային։ Եթե եկել են, պետք է հարցը լուծեն, ինչի՞ մասին է խոսքը, ժողովուրդը պահանջում է փոփոխություն, իսկ կյանքը պարտադրում է, ոչ ոք չգիտի, թե աշնանն ինչ է լինելու։

Բոլորն էլ դիրքավորված՝ Մաուգլիի միջի գազանների նման սպասում են, ամեն մեկն իրենն է տանելու։ Իսկ մեր խոշոր եղբայրը, տեսանք, թե ծանր վիճակում գազի, նավթի ու երկաթուղու հարցն ինչ արեց։

Եթե Ազգային ժողովն այս հարցը չի լուծելու, ուրեմն ինքն անձամբ խաղում է մեր ժողովրդի անվտանգության ու ճակատագրի հետ։

Ազգային անվտանգության հարցեր են, պետք է լուծել, նաև ընդերքը պետք է պետականացվի։ Նրանք, ովքեր քրեական հետապնդման պայմաններում փախել են երկրից և հիմնականում Ռուսաստան են գնացել, պետք է որոշում կայացնեն ու նրանց սեփականությունը մեկ օրում պետականացնեն։

Պետք է դա բաշխել այն աղքատ ընտանիքներին, որոնք նպաստ են ստանում։ Թող իմանան, թե ինչ է նշանակում փախչել, նրանցից ոչ մեկը չի հարստացել այլ պայմաններում, քան պաշտոնեական դիրքը չարաշահելով կամ ծովահրեշի անդամ լինելով։

Գողապետությունը պետք է մեռնի, եթե Հայաստանն ուզում է ապրել։ Հակառակ դեպքում այս անհայտությունն արդեն ժողովրդին իշխանության դեմ է հանում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am