Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի մասին․ ամփոփ․ FIP.am

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է շուրջ 600 հազար մարդ, երկու դեղաչափ ստացել է 184,954 մարդ։ Պատվաստված անձանց և բնակչության թվի հարաբերակցությամբ պատվաստումների ցուցանիշով Հայաստանը վերջինն է տարածաշրջանում։ Ընդհանուր առմամբ, երկրի բնակչության 6 տոկոսից քիչն է ստացել պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ 

Միաժամանակ, վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի օրական գրանցվող դեպքերի թիվը ռեկորդային է, ինչը, սակայն, չի փոխում հանրության վերաբերմունքը պատվաստումների և պատվաստանյութերի վերաբերյալ։ 

Պատվաստումից հրաժարվելու պատճառներից հիմնականը պատվաստանյութերի նկատմամբ վստահության պակասն է, որը, իր հերթին, մեծապես մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունների և դավադրության տեսությունների հետևանքն է։ 

Հայաստանում կիրառվում են 6 տեսակի պատվաստանյութեր՝ Moderna, AstraZeneca, Sputnik V, Sinopharm և Coronavac: «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է առանց գիտական և բժշկական տերմինների՝ ներկայացնել Հայաստանում կիրառվող և սպառվող պատվաստանյութերի արդյունավետությունն ու այլ կարևոր հատկանիշները։

Պատվաստանյութերի դերը

COVID-19 դեմ պատվաստանյութերի դերը վիրուսի դեմ հակամարմինների ստեղծումն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատում է կլինիկական հետազոտություն անցած այն պատվաստանյութերը, որոնք ունեն նվազագույնը 50 տոկոս արդյունավետություն։ Պատվաստանյութերի արդյունավետությունը որոշվում է երեք փուլից բաղկացած կլինիկական փորձարկումների արդյունքում։ 

Այլ հարց է, թե որքան ժամանակ ազդեցություն կունենան պատվաստանյութերի միջոցով ձևավորված հակամարմինները, և արդյո՞ք դրանք ավելի արդյունավետ կլինեն, քան կորոնավիրուսով վարակվելուց հետո ձեռք բերվող հակամարմինները։ Այս թեմայով ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։ 

Թեպետ ԱՀԿ-ն հստակ առաջարկություններ և դիրքորոշում չունի պատվաստանյութի երրորդ դոզայի վերաբերյալ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երրորդ դեղաչափը կարող է նպաստել ավելի կայուն իմունիտետի ձևավորմանը։ Սա էր փաստում նաև Իսրայելում իրականացված ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել էին սեպտեմբերի 15-ին, հայտնում է Nature ամսագիրը։

Սպուտնիկ V

Ռուսական արտադրության Sputnik V (Gam-COVID-Vac) պատվաստանյութը, չնայած դեռ հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից, սակայն գիտական փորձարկումներն ապացուցել են, որ պատվաստանյութն ունի շուրջ 97 տոկոս արդյունավետություն։ Պատվաստանյութն ընդունվում է երկու չափաբաժնով՝ 20 օր ընդմիջմամբ։ 

Գիտական շրջանակներում պատվաստանյութի հիմնական քննադատությունը ուսումնասիրության ամբողջական տվյալներին հասանելիության պակասն էր։ 

Sputnik V-ն հաստատվել է աշխարհի շուրջ յոթ տասնյակ երկրներում։ 

AstraZeneca

Ըստ ուսումնասիրությունների՝ AstraZeneca-ի և Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութի արդյունավետությունը միջինում կարող  է լինել շուրջ 70 տոկոս։ 

Ըստ այս տարվա մարտի վերջին կատարված ուսումնասիրության` պատվաստանյութը կարող է մինչև 76 տոկոս արդյունավետ լինել սիմպտոմատիկ դեպքերի համար և մինչև 100 տոկոս՝ ծայրահեղ ծանր դեպքերը կանխելու համար։ 

Պատվաստանյութը ևս պահանջում է երկու դեղաչափ՝ նվազագույնը 28 օր միջակայքով։ Ըստ ուսումնասիրությունների՝ պատվաստանյութը քիչ արդյունավետ է  համարվում Հարավաֆրիկյան շտամի դեմ, սակայն արդյունավետ է, օրինակ, բրազիլական և բրիտանական շտամերի դեպքում։ 

Ըստ այս տարվա հուլիսի տվյալների՝ արյան մակարդուկների և թրոմբոցիտների հավանականությունը ցածր է՝ մեկ-երկու դեպք հարյուր հազար պատվաստումից՝ Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի տվյալների համաձայն։

Չինական պատվաստանյութեր — Sinovac/Coronavac և Sinopharm

Այս պատվաստանյութի արդյունավետությունը 51 տոկոս է սիմպտոմատիկ դեպքերի համար և 100 տոկոս արդյունավետ ծայրահեղ ծանր և հոսպիտալացման անհրաժեշտություն ունեցող դեպքերի համար՝ սկսած երկրորդ դեղաչափի ընդունումից երկու շաբաթ հետո։ 

ԱՀԿ-ն հայտնում է, որ ըստ ուսումնասիրությունների՝ հավանականությունը, որ անձը կվարակվի կորոնավիրուսով երկրորդ անգամ՝ առաջին վարակումից հետո վեց ամսվա ընթացքում, քիչ է։ Պատվաստանյութի հիմանական հակացուցումը նախկինում անաֆիլակտիկ շոկ ունեցած անձանց է վերաբերում, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված և դեռևս չապաքինված անձանց։ Ժամանակավոր հակացուցում է նաև 38,5 և ավելի աստիճան ջերմությունը։ 

Պատվաստանյութը անվտանգ է համարվում 18-ից բարձր տարիքի անձանց համար, սակայն տեղեկատվության որոշակի պակաս կա 60-ից բարձր տարիքի անձանց վերաբերյալ՝ փորձարկումներին տարիքային այս խմբի անձանց քիչ ներգրավվածության պատճառով։ Ուսումնասիրությունները և պատվաստանյութի կիրառությունը, սակայն, ցույց են տվել, որ այս պատվաստանյութերի երկրորդ դեղաչափից հետո 60 տարեկանից բարձր անձանց մոտ առաջացած իմունիտետը նվազում է ավելի արագ, ուստի երրորդ դեղաչափը ևս խորհուրդ է տրվում՝ առավել կայուն իմունիտետ ապահովելու համար։

Չինական երկու պատվաստանյութերն էլ ոչ ակտիվ պատվաստանյութեր են և իմունիտետ են առաջացնում մարդու օրգանիզմում առկա մի շարք վիրուսային սպիտակուցների դեմ, ինչն էլ, ըստ հետազոտողների, պատվաստանյութի համեմատաբար թույլ ազդեցության պատճառներից կարող է լինել։ 

Moderna

Moderna-ի արդյունավետությունը 94 տոկոս է, և շուրջ 90 տոկոս՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց դեպքում։ 

Պատվաստանյութի արդյունավետության և կողմնակի ազդեցությունների մասին նշումները նույնն են, ինչ Pfizer-ի դեպքում։ Հղի կանանց և առողջական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում նախքան պատվաստվելը խորհրդակցել բժիշկի հետ։ 

Science ամսագրում հրապարակված հոդվածներից մեկի հեղինակները պարզել են, որ Moderna-ի երկրորդ դեղաչափը ստանալուց վեց ամիս հետո էլ պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր շտամերի դեմ, միայն՝  «Բետա» շտամի դեմ հակամարմիններն են 6 ամիսների ընթացքում զգալիորեն նվազել։

Վերջերս Սկանդինավյան երեք երկրներ՝ Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան կասեցրին մինչև 30 տարեկան տղամարդկանց պատվաստումը Moderna-ով՝ հայտնաբերված հազվադեպ կողմնակի ազդեցության պատճառով։ Ըստ չհրապարակված ուսումնասիրության՝ երիտասարդ տղամարդկանց մոտ հայտնաբերված սրտամկանի բորբոքման դեպքերը կապված են պատվաստանյութի հետ։ Ըստ Moderna-ի՝ նման դեպքերը, որպես կանոն, թեթև բնույթ են կրել։ Նշվում է նաև, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում միոկարդիտի ռիսկը զգալիորեն ավելի բարձր է։

Pfizer

Թեև Հայաստանը դեռ չի ստացել Pfizer պատվաստանյութի որևէ դեղաչափ, սակայն վերջին ամիսներին բանակցում է այն ստանալու շուրջ, և ըստ իշխանությունների՝ երկիրն առաջիկայում կստանա այս պատվաստանյութից ևս։ 

Պատվաստանյութի արդյունավետությունը համարվում է շուրջ 91 տոկոս՝ 16-ից բարձր տարիքի անձանց համար։ Պատվաստանյութի արդյունավետությունը մոտ 89 տոկոս է՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց համար 

Pfizer-ի երկրորդ դոզան օգտագործվում է առաջինն ստանալուց երկու շաբաթ անց։ 12-15 տարեկան երեխաների դեպքում պատվաստանյութը 100 տոկոսով արդյունավետ է։ 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Pfizer-ը պաշտպանում է նաև կորոնավիրուսի շտամերով վարակվելու դեպքում:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը ցածր իմունիտետով անձանց խորհուրդ է տալիս ստանալ նաև երրորդ դոզան՝ երկրորդ պատվաստումից երկու շաբաթ անց։ Մյուս դեպքերում՝ կապված առողջական խնդիրների հետ, խորհուրդ է տրվում երրորդ դոզան ստանալ վեց ամիս անց։ Պատվաստումից հետո առաջնային կողմնակի ազդեցությունը կարող են լինել ներարկման հատվածում ցավը, գլխացավը, ջերմությունը, մկանային ցավերը և այլն։ 

Հազվադեպ դեպքերում պատվաստումից հետո առաջացել են սրտի խնդիրներ։ Խորհուրդ է տրվում դիմել բժշկի, եթե կրծքավանդակի շրջանում ցավեր, սրտխփոց կամ շնչառության վատացում է նկատվում։ 

Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալների՝ ԱՄՆ-ում պատվաստումից հետո անաֆիլակտիկ շոկ գրանցվում է մեկ միլիոնից երկուսից հինգի մոտ։ Pfizer և Moderna պատվաստանյութերի դեպքում հազվադեպ գրանցվել են նաև սրտամկանի բորբոքման դեպքեր։ Սեպտեմբերի վերջի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է նման 906 դեպք՝ 30 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ։

Բոլոր այս դեպքերում, սակայն, ապացուցված չէ, թե արդյո՞ք պատվաստանյութն է մահվան կամ որոշ կողմնակի ազդեցությունների հիմնական պատճառը։ 

Փաստերի ստուգման հարթակ