Եվրոպայում հաքերները կոտրել են սուպերմարկետների սառնարանների համակարգերը՝ բարձրացնելով ջերմաստիճանը

Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեդիայում և Էստոնիայում սուպերմարկետների սառնարանային համակարգերը ենթարկվել են կիբեռհարձակումների։ Հաքերները ներթափանցել են դրանց կառավարման համակարգեր և բարձրացրել սառցարանների ջերմաստիճանը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Էստոնիայում նմանատիպ դեպքերի մասին հաղորդել է ERR-ը։

Հարձակումներից տուժել են նիդերլանդական Ahold Delhaize ընկերության տասնյակ խանութներ Բելգիայում և Լյուքսեմբուրգում, ինչպես նաև շվեդական ICA և Coop ցանցերի սուպերմարկետներ։

Դեպքերից մեկում հաքերները սառցարանի ջերմաստիճանը բարձրացրել են մինչև 50 աստիճան։

Նմանատիպ կիբեռհարձակում էր տեղի ունեցել նաև Ֆրանսիայում՝ հոկտեմբերին։ Ըստ հրապարակման՝ այն ազդել էր ավելի քան 150 խանութի վրա, իսկ հաքերները վերահսկողություն էին հաստատել ավելի քան 700 սառնարանային համակարգերի նկատմամբ։ Հաղորդվում է միլիոնավոր եվրոյի վնասի, սննդամթերքի փչացման և հրդեհների մասին։

Նշվում է, որ սուպերմարկետների սառնարանային համակարգերի մեծ մասը միացված է ինտերնետին՝ հեռակա սպասարկման և խափանումների մասին ծանուցումներ ստանալու նպատակով։

Առայժմ որևէ հաքերային խումբ չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը։