Քաղաքականություն. պարզ չէ, ընդդիմախոսների միջև ծավալվող երկխոսությունն ինչ արդյունքներ կունենա

Քաղաքականություն. պարզ չէ, ընդդիմախոսների միջև ծավալվող երկխոսությունն ինչ արդյունքներ կունենա
Քաղաքականություն. պարզ չէ, ընդդիմախոսների միջև ծավալվող երկխոսությունն ինչ արդյունքներ կունենա

Ըստ փորձագետների` առաջիկա տարիներին երկրի համար որոշիչ կարող է լինել կառավարության և ընդդիմադիր ամենամեծ կուսակցության միջև այսօր ընթացող երկխոսությունը, սակայն ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, թեպետ շուրջ մեկ ամիս է` հանդիպումներ են ունենում իշխանության ներկայացուցիչների հետ, առ այսօր որևէ փաստաթուղթ չեն ստորագրվել:

«Գիտեք` ի՞նչն է հետաքրքիր… Չնայած մարդիկ տարբեր պատճառներ ու նպատակներ են նշում, թե ինչու են կողմերը գնում երկխոսության, սակայն, փաստորեն, բոլորը միակարծիք են, որ այդ երկխոսության ցանկացած արդյունքից է կախված առաջիկա ամիսների, եթե ոչ մեկ-երկու տարվա Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների տրամաբանությունը»,- ասում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Հայրապետյանը:

Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2008-ի ընտրությունների արդյունքում Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվեց այն ժամանակվա վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդն էր:

Ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ճնշման հետևանքով 2008 թվականի մարտ 1-2-ին Երևանում սպանվեցին 10 հոգի, ինչի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

ՀԱԿ-ը 2008-ի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդած տարիներին չի դադարել պահանջել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում:

«Տեսե´ք` մյուս տարի՝ 2012 թվականի մայիսին, Հայաստանում նախանշված են խորհրդարանական ընտրություններ, և ես դժվարանում եմ ասել, որ թե ինչ արդյունք կտար ՀԱԿ-ի մարտավարությունը, որը փորձում էր բողոքի ակցիաների միջոցով ճնշում գործադրել իշխանությունների նկատմամբ՝ իր նպատակներին հասնելու համար»,- նշում է ասում է «Քաղաքական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Արման Հակոբյանը:

«Մենք տեսանք, որ այդ մարտավարությունը ոչ մի արդյունք չտվեց 2008-ի [նախագահական] ընտրություններից հետո՝ 2009-ի մայիսին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ՀԱԿ-ը չկարողացավ «նվաճել» Երևանի քաղաքապետարանը: Տեսանք, որ ՀԱԿ-ի այդ մարտավարության հետևանքով նրա բազմաթիվ ակտիվիստներ հայտնվեցին բանտերում, իսկ անցած տարի էլ ՀԱԿ-ի ներսում ծագեցին տարաձայնություններ, ինչի հետևանքով ընդդիմադիր դաշինքից դուրս եկան 1988-ից Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն թիմում գտնվող որոշ մարդիկ»,- հավելում է քաղաքագետը:

Իրավիճակը սկսեց փոխվել այս տարվա սկզբին: Միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանում սրվեց սոցիալ-տնտեսական վիճակը, դժգոհող մարդկանց թիվը սկսեց աճել: Երկրորդ՝ արաբական հեղափոխությունների ազդեցությունը հասավ նաև Հայաստան, և իշխանությունները տեսան, որ ընդդիմությանն ընդառաջ չգնալը կարող է խնդիրներ առաջացնել:

«Եվ երրորդ՝ կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը. ղարաբաղյան բանակցություններն այս տարեսկզբից ակտիվացան, ու Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ էր ներքաղաքական կայունություն,- ասում է Հակոբյանը՝ եզրակացնելով:- Կարծում եմ` Լևոն Տեր-Պետրոսյանն այս ամենը շատ լավ հասկացավ և նա իշխանություններին արեց մի առաջարկություն, որից նրանք չկարողացան հրաժարվել»:

Փորձագետ Կարեն Հայրապետյանը հիշեցնում է այս տարվա մարտի 17-ի հանրահավաքին հնչեցրած Տեր-Պետրոսյանին խոսքերը. «Այս փուլում մենք անկնալում ենք քաղբանտակյալների ազատ արձակումը, [Երևանի] Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար»:

Սուրեն Վարդանյանը, ով տարիներ շարունակ Հայաստանի պետական մարմիններում զբաղվել է քաղաքական վերլուծություններով, նշում է, որ երկխոսությամբ ՀԱԿ-ը բարձրացրեց իր քաղաքական կշիռը Հայաստանում:

«Կարող ենք ասել, որ իշխանությունը բանակցությունների կամ երկխոսության մեջ մտնելով միայն ՀԱԿ-ի հետ՝ պաշտոնապես նրան ճանաչեց որպես իրեն հավասար ուժ: Անցած ամիսների ընթացքում դա մեծացրեց ՀԱԿ-ի քաղաքական ազդեցությունը և նրան դարձրեց ընդդիմադիր դաշտի գերիշխող ուժ (և դրանով էլ բացատրվում է ընդդիմադիր մյուս ուժերի՝ ՀՅԴ-ի և «Ժառանգության» բացասական կեցվածքը երկխոսության հանդեպ)»,- ասում է Վարդանյանը:

«Իսկ քանի որ դա այդպես է, և իշխանություններն էլ, ընդունելով դա, բանակցությունների մեջ են մտնում ՀԱԿ-ի հետ, այլևս նույն այդ իշխանությունների համար դժվար, իսկ մի գուցե նաև անհնար կլինի առանց ՀԱԿ-ի որոշակի շահերը հաշվի առնելու՝ նոր, այսպես ասենք, կարգ սահամանել քաղաքական դաշտում»,- հավելում է նա:

Ըստ փորձագետների` ներկայացվածից կարելի է հետևություն անել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մոտենում է 2008-ի նախագահական ընտրություններից ի վեր ունեցած ամենաուժեղ դիրքերով:

«Իսկ ի՞նչ ստացան իշխանությունները… Նրանք ժամանակ շահեցին քանի որ իրենց համար շատ զգայուն մի ժամանակահատվածում ՀԱԿ-ը չապակայունացրեց իրավիճակը Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ՝ երկու կողմի համար էլ վատ չէ, սակայն հարցն այսքանով չի փակվում, ընդհակառակը՝ այն նոր է բացվում. ի՞նչ է լինելու հետո»,- ասում է Վարդանյանը:

ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն ասում է, որ ընդդիմադիր դաշինքը հետևողականորեն նույն բանն է պահանջում, որպեսզի նախ արտահերթ նախագահական, այնուհետև խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:

Ըստ Զուրաբյանի, օգոստոսի 9-ին՝ իշխանության ներկայացուցիչների հետ հերթական՝ թվով չորրորդ, հանդիպման ժամանակ ներկայացվել է հենց այդ պահանջը և «իշխանության ներկայացուցիչները մեկ շաբաթ ժամանակ են խնդրել իրենց տեսակետները ներկայացնելու համար»:

Այստեղ հարկ է հիշատակել ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ՝ օգոստոսի 2-ին, ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը.

«Չեմ կասկածում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու»:

Մինչդեռ, իշխանության ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, թե հիմքեր չեն տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար:

«ՀԱԿ-ի կողմից առաջարկվող արտահերթ ընտրությունները առաջնահերթ շահեկան են ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համար, սակայն դրանք ձեռնտու չեն ժողովրդին: Նորից իշխանությունը կզբաղեցնի իր տեղը, քանի որ ունի դրա համար բոլոր ռեսուրսները, նորից ընդդիմության հանրահավաքները կշարունակվեն»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Քաղաքագետ Արման Հակոբյանը քիչ հավանական է համարում արտահերթ ընտրությունների հնարավորությունը. «Գնալ արտահերթ ընտրությունների ընդդիմության պահանջով՝ ցանկացած իշխանության համար ուղղակի նշանակում է հանձնվել: Եվ ես չեմ կարծում, թե դա չեն հասկանում ՀԱԿ-ում»:

«Հետևաբար, եթե ՀԱԿ-ում խոսում են ոչ իրական բաներից, նշանակում է` դա ուղղակի արվում է իշխանությունների հետ երկխոսությունում այլ հարցերի հետ կապված զիջումներ պոկելու համար: Այսինքն՝ ավելի հավանական է, որ երկխոսությունը աշնանը շարունակվի, քան՝ դադարի: Իսկ այդ պարագայում առաջիկայում մենք իշխանությունների կողմից նոր զիջումների, ես կասեի՝ իր համար ոչ էական զիջումների ականատեսը պետք է լինենք»,- հավելում է նա:

«Երկխոսությունը երկու կողմի համար էլ կարող է կրել խիստ ժամանակավոր բնույթ, քանի որ նշված ուժերը պարզապես չեն կարող երկարատև համաձայնության հանգել միմյանց հետ, ինչի պարագայում երկուսն էլ ուղղակի կփոշիացնեն իրենց քաղաքական ռեսուրսը»,- եզրակացնում է Արման Հակոբյանը:

Արմեն Պողոսյանը

Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)