Ի՞նչ իրավիճակ է տիրում անշարժ գույքի շուկայում. Ըստ մասնագետների՝ առքուվաճառքի ոլորտում ակտիվություն է նկատվում

Balconies of an apartment building in Yerevan, Armenia

Հետպատերազմյան շրջանում Հայաստանի անշարժ գույքի շուկայում աշխուժություն է նկատվում։ «Մեդիալաբի» հետ զրույցում մասնագետները փաստում են՝ թեպետ մարդկանց տրամադրությունները այնպիսիք են, որ արտագաղթելու մտադրություն կա, բայց այսօր անշարժ գույքի վաճառքի հայտարարությունները չեն ավելացել, մարդիկ չեն վաճառում իրենց բնակարանները, որպեսզի արտագաղթեն։

«Այս փուլում, ճիշտն ասած, գնորդներն են ակտիվ։ Ովքեր որոշել էին գնել, այս պահին գնում են։ Հունվարից վաճառքներ եղել են, այսինքն՝ առք ու վաճառքի շուկան այս պահին ակտիվ է»,- «Մեդիալաբին» ասում է «Թիվ մեկ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Սառա Հակոբյանը։

Նա նշում է. «Չեմ հերքի, գնալու տրամադրություններ կան մարդկանց մոտ, բայց ոչ այս սեզոնին։ Գնալու համար հիմա սեզոնը հարմար չէ, գուցե գարնանը, ցավոք սրտի, ականատես դառնանք դրան»։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2020-ի նոյեմբերին անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները եղել են 875, հոկտեմբերին՝ 1230, իսկ 2019-ի նոյեմբերին՝ 1693։ 

Այսինքն՝ 2020-ի նոյեմբերին 2019-ի նույն ամսի համեմատ գործարքները գրեթե կիսով չափ նվազել են։ Ընդհանրապես, ամբողջ 2020-ի ընթացքում գործարքների նվազում է եղել 2019-ի համեմատ։

Սառա Հակոբյանի խոսքով՝ 2020-ին գործարքների նվազումը կապված է եղել կորոնավիրուսով առաջացած ճգնաժամի հետ։ Պատերազմական շրջանում գործարքների էական նվազում չի եղել ։

«Ուղղակի այս դեպքում արդեն վաճառքի գործարքների ժամանակ գնային բանակցությունների ընթացքում ավելի հեշտ է լինում գին իջեցնելը։ 

Այսինքն՝ քանի որ անորոշություն է, մարդիկ չգիտեն՝ ինչ կլինի, դրա համար խելամիտ առաջարկներն ընդունում են։ 

Օրինակ՝ եթե մարդը տունը 85 հազար դոլարով պետք է վաճառի, գնորդն առաջարկում է 75 հազար դոլար, համաձայնության են գալիս»,- ասում է նա։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերին 2019-ի նոյեմբերի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գները նվազել են։ 

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Երևանում բազմաբնակարան շենքերում բնակարանների մեկ քմ շուկայական միջին գները հետևյալն են։ Կենտրոն վարչական շրջանում  2020-ի նոյեմբերին մեկ քմ գինը կազմել է 610 300  դրամ՝ 2019-ի նոյեմբերի 644 100 դրամի փոխարեն։

Արաբկիր վարչական շրջանում՝ 438 000 դրամ՝ 2019 թվականի նոյեմբերի 440 500 դրամի փոխարեն։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2020-ի նոյեմբերին գները եղել են 316 000 դրամ, իսկ 2019-ի նոյեմբերին՝ 325 000 դրամ։ 

Դավիթաշեն վարչական շրջանում 2020-ի նոյեմբերին գները կազմել են 318 000 դրամ, 2019-ի նոյեմբերին՝ 335 000 դրամ։ Գների նվազում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում և Հայաստանի մարզերում։

Սառա Հակոբյանի խոսքով՝ այսօր անշարժ գույքի գնորդները հիմնականում հայաստանաբնակներն են։ 

«Բայց այս տարի ունեցել ենք գնորդներ, որ ԱՄՆ հայեր են, ունեցել ենք Քուվեյթի, Լիբանանի, Բեյրույթի հայեր»,- հավելում է նա։

Ըստ մասնագետի՝ այս պահին ոչ մի հիմք չկա կանխատեսելու, որ առաջիկա ամիսներին անշարժ գույքի առք ու վաճառքի ծավալներն էլ ավելի կնվազեն։ 

«Կոնկրետ մեզ մոտ անցած տարվա հունվարի համեմատ այս տարի ավելի շատ գործարքներ ենք արել։ Դեռ շուտ է վերլուծել, ես կարծում եմ՝ եթե նույնիսկ մարդիկ մտածում են վաճառելու մասին, դեռ չեն իրականացնում։ Եթե նման միտում լինի էլ, գարնանը կերևա»,- ասում է մասնագետը։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով փակ սահմանները նպաստում են, որ այսօր մարդիկ Հայաստանից չեն հեռանում։

«Ես կարծում եմ՝ այսօր անշարժ գույքի շուկայի ակտիվության վրա ազդեցություն է ունեցել Արցախի պատերազմը։ Այս փուլում Արցախից մեր հայրենակիցները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում»,- «Մեդիալաբին» ասում է Արտակ Մարկոսյանը։

Ըստ նրա՝ այս փուլում դեռ հետազոտություն ու վերլուծություն չկա, թե հետապատերազմյան շրջանում ինչ է սպասվում արտագաղթի, անշարժ գույքի վաճառքի տեսանկյունից։

«Այսօր կորոնավիրուսը դեռևս իր ազդեցությունն ունի, որ մարդիկ չգնան։ Այսինքն՝ աշխարհում սահմանները փակ են, ոչ ԱՄՆ-ում, ոչ Եվրամիությունում, ոչ Ռուսաստանում լավ վիճակ չէ։ 

Թեև Ռուսաստանը ճանապարհը բացում է, որպեսզի աշխատանքային միգրանտները վերադառնան, որովհետև աշխատուժի պակաս կա ՌԴ-ում, բայց մշտական մեկնողների մասին դեռ վաղ է խոսել։ Սակայն այս գործընթացների շարունակության պարագայում, այն, ինչ այսօր տեղի է ունենում երկրում, անորոշության պայմաններում չի կարող այսպես երկար շարունակվել: 

Դա և՛ իշխանությունը պետք է հասկանան, և՛ ընդդիմությունը։ Երկրում այնպիսի կառավարություն պետք է ձևավորվի, որը գոնե առաջիկա հինգ տարին պատասխանատվություն ստանձնի երկրի համար։ 

Անորոշությունը կկուտակվի և մի տեղ կհորդա, բայց թե որտե՛ղ կհորդա և ի՛նչ տեսքով, արտագաղթի տեսքով կլինի, թե այլ, դեռ վաղ է ասել։ Այսօր մարդիկ դեռ չեն բողոքում, բայց այնպես չէ, որ բողոքներ չեն կարող լինել»,- ասում է Մարկոսյանը։

Ժողովրդագրագետն անդրադառնում է նաև այն հարցին, որ Հայաստանում անշարժ գույքի գները բարձր են։ Կառավարությունում քննարկումներ են ընթանում այն մասին, որ եկամտահարկի վերադարձի ծրագիրը պետք է վերանայել, որովհետև վերադարձի ենթակա գումարը տարեցտարի աճում է։

«Ես կարծում եմ, որ այսօր անշարժ գույքի բարձր գները կապված են հենց եկամտահարկի վերադարձի ծրագրի հետ։ Չի կարող երկրում անվանական աշխատավարձը լինել 181 հազար դրամ, իրական աշխատավարձը՝ մոտ 135-140 հազար, և դրան զուգահեռ նորակառույցում մեկ քմ-ն 1000 դոլար բնակարան լինել՝ չվերանորոգված տարբերակով։ 

Դա աննորմալ վիճակ է։ Այս բարձր գները և՛ ժողովրդագրական իրավիճակին չեն նպաստում, և՛ հայրենադարձությանը։ Մեր հայրենակիցը գալիս է դրսից, նայում է մեր անշարժ գույքի գները, ասում է՝ Լոս Անջելեսի գներ են»,- նշում է Մարկոսյանը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում կա բնակարանների գնման պահանջարկ, քանի որ շատերն են ապրում վարձակալությամբ։ Բայց գները բարձր են, շատերը չեն կարողանում գնել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am