«Խոսքը միայն Հայաստանի՞ն զենք վաճառելու մասին է, թե՞ ԱՄՆ-ն պատրաստ է Ադրբեջանին ևս վաճառելու, ինչը բնավ ցանկալի չէ». Արա Պապյան

30-10-2018
476 դիտում
«Խոսքը միայն Հայաստանի՞ն զենք վաճառելու մասին է, թե՞ ԱՄՆ-ն պատրաստ է Ադրբեջանին ևս վաճառելու, ինչը բնավ ցանկալի չէ». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո՛ն Պապյան, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում հայտարարեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքի հնարավորության մասին: Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է անի այս ուղղությամբ, ռեալ հնարավորություններ կա՞ն ԱՄՆ-ից զենք գնելու:

- Նախ պետք է նկատի ունենալ, որ սա առաջին հերթին քաղաքական հայտարարություն էր, այսինքն՝ պատրաստակամություն և հետո միայն հնարավոր է, որ կդառնա ինչ-որ գործնական քաղաքականություն կամ քայլ: Սրա մեջ բավական խոչընդոտներ ու խնդիրներ կան: Այդքան հեշտ չէ զենքի վաճառքը: Այստեղ կա զենքի համատեղելիության հարց: Մեր բանակն ամբողջովին զինված ու պատրաստված է խորհրդային և հետխորհրդային զենքով, սա շատ կարևոր հարց է:

Բանակներն այդքան հեշտ չեն կարող անցնել մի զենքից մյուսը կամ տարբեր զենքով զինել բանակը: Դրա վառ օրինակն այն է, որ երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր, S-400 էր գնում Ռուսաստանից, այդ խնդիրներն ունեցավ: ՆԱՏՕ-ն բողոքեց համատեղելիությունից: Մյուս խոչընդոտը կապված է գնի հետ: Ակնհայտ է, որ ամերիկյան զենքը շատ ավելի թանկ է, և սպասարկումն ու պահեստամասերն էլ են թանկ, թեև եթե ԱՄՆ-ն նպատակ ունի մեզ հետ աշխատելու նույն մեթոդով, որով Իսրայելի հետ է աշխատում, դա այլ հարց է: Իսկ Իսրայելի հետ հետևյալ կերպ է աշխատում. մի կողմից փողը տալիս է՝ որպես ռազմական օգնություն, մյուս ձեռքով վերցնում է, այդ փողով զենք է վաճառում:

Այդպես ԱՄՆ-ն տարեկան 4 մլրդ դոլարի զենք է տալիս Իսրայելին: Ըստ էության, անվճար է տալիս, բայց ձևակերպում է որպես գնում: Եթե այդ տարբերակով կաշխատեն Հայաստանի հետ՝ ուրիշ հարց: Բայց ես էլի չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ ամեն տեսակի, հատկապես ծանր զինատեսակների մասին: Եթե մենք պետք է ԱՄՆ-ից ինչ-որ բան գնենք, դա ավելի շուտ պետք է լինեն հետաքննող, հետազոտող սարքեր, կապի միջոցներ, գիշերային տեսանելիության սարքեր և այլն:

Այն, ինչ մենք ունենք, օրինակ՝ տանկերը կամ զրահամեքենաները, դժվար է միանգամից փոխել: Նախ՝ դրանց կիրառման հարցը կա անձնակազմի կողմից, երկրորդ՝ սպասարկման հարցը, երրորդ՝ ամերիկյան տանկերը գերժամանակակից են, նախատեսված են ժամանակակից պատերազմի համար, որպեսզի կիրառվեն ռադիոակտիվ ճառագայթման դեմ, ատոմային պատերազմների ժամանակ: Այսինքն՝ այդ մակարդակի շատ զինատեսակներ մեզ պետք չեն: Ես, օրինակ՝ խոսել եմ տարբեր մասնագետների հետ, ասում են՝ մեզ ժամանակակիցից մի քայլ պակասն է պետք, որովհետև դա և՛ գնային առումով է ավելի հարմար է, և՛ սպասարկման:

- Ռուսաստանի մոտ կարո՞ղ է խանդ առաջացնել ԱՄՆ -ի պաշտոնյայի այս հայտարարությունը, կարո՞ղ է Ռուսաստանը սրա դեմ քայլեր իրականացնել:

- Ռուսաստանի մոտ ամեն ինչն է խանդ առաջացնում՝ սկսած նրանից, որ մեր որոշ պաշտոնյաներ ավարտել են Ամերիկյան համալսարանը, վերջացրած նրանով, որ ինչ-որ ամերիկյան գիտնական գալիս է Հայաստան: Բնական է, որ նրանք տարբեր պատճառներով ԱՄՆ պաշտոնյայի այս հայտարարությունը չեն ողջունի: Ե՛վ քաղաքական, և՛ բիզնես առումով սա Ռուսաստանին ձեռնտու չէ: Չմոռանանք, որ եթե որևէ երկիր ԱՄՆ-ից զենք է գնում, ուրեմն այդքանով պակաս զենք է գնելու Ռուսաստանից:

Բայց զենքի վաճառքի հարցում ամենակարևորն այն է, որ պետք է հասկանալ՝ խոսքը միայն Հայաստանի՞ն զենք վաճառելու մասին է, թե՞ ԱՄՆ-ն պատրաստ է Ադրբեջանին ևս վաճառելու: Այստեղ մտավախությունն այն է, որ մեկ խմբաքանակ Հայաստանին են վաճառում, հետո ասում են՝ այսպես չի լինի, որովհետև հավասարակշռությունը խախտվում է, և փորձ է արվում Կոնգրեսում փոփոխություններ մտցնել օրենքում, վերացնել 907 բանաձևով սահմանված սահմանափակումը և նաև Ադրբեջանին զենք վաճառել:

Չմոռանանք, որ ԱՄՆ նախագահը հնարավորություն ունի յուրաքանչյուր տարի դիմել Կոնգրեսին և մեկ տարով արտոնություն խնդրել բանաձևի այդ կետը դադարեցնելու համար, Ադրբեջանին ևս զենք վաճառել: Իսկ դա մեզ համար բնավ ցանկալի չէ, ավելի լավ է մենք էլ չառնենք, իրենք էլ, որովհետև Ադրբեջանն ավելի շատ կգնի:

- Ամերիկյան կողմի այս հայտարարությունն այս փուլում ի՞նչ ուղերձ ունի:

- Իհարկե սա պատահականություն չէր: Այստեղ մի քանի ուղերձներ կան: Ուղերձ կար՝ ուղղված Ռուսաստանին, որ դու, լինելով համանախագահ երկրներից մեկը, խախտում ես քո պարտավորությունը, մենք էլ կարող ենք խախտել: Իսկ Ռուսաստանի համար դա ցավալի չի լինելու, որովհետև շուկայի մրցակցության հարց կա:

Մյուս ուղերձն այն է, որ սրանով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ մտադրություն ունի ավելի լուրջ մտնելու տարածաշրջան: Երբ զենքի մասին հայտարարություն են անում, դա նշանակում է, որ այլ տիպի ապրանքները և տեխնոլոգիաներն ավելի հեշտությամբ կարող են տարածաշրջանին առաջարկել: Նաև սրանով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ ավելի ամբողջական է ներգրավվում Արցախի հիմնախնդրի մեջ, չնայած ԱՄՆ-ի համար դա 8-րդական-9-րդական հարց է: Ամեն դեպքում, մենք այս քաղաքականությունը Հարավային Կովկասում պետք է դիտարկենք որպես ածանցյալ Ամերիկայի՝ Իրանի հետ ունեցած հարաբերություններից: Այսինքն՝ եթե ԱՄՆ-ն նպատակ ունի մեկուսացնելու Իրանին, այստեղ ինչ-որ խնդիրներ է լուծում:

Այստեղ մի շատ կարևոր հարց կա. հետաքրքիր էր, որ Հայաստանում ու Վրաստանում Բոլթոնը հանդիպեց պաշտպանության նախարարների հետ, իսկ Ադրբեջանում չհանդիպեց պաշտպանության նախարարի հետ, այլ հանդիպեց SOCAR-ի՝ պետական նավթային ընկերության ղեկավարի հետ: Սա հստակ ուղերձ է, որ Ադրբեջանն իրենց ավելի շատ հետաքրքիր է որպես նավթագազային աղբյուր, և ռազմական համագործակցությունն առաջնային չէ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am