«Առաջարկում եմ, որ աուտիզմով երեխաները տարբերանշաններ կրեն». Ըստ մասնագետի՝  հանրությունը իրազեկման լուրջ խնդիր ունի

09-11-2018
1522 դիտում
«Առաջարկում եմ, որ աուտիզմով երեխաները տարբերանշաններ կրեն». Ըստ մասնագետի՝  հանրությունը իրազեկման լուրջ խնդիր ունի

Աուտիզմ ունեցող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի մահը, որի դին Վանաձորի ոստիկանությունը հայտնաբերել է այսօր առավոտյան քաղաքի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել։ Օգտատերերը վրդովված են հասարակության անտարբերությունից՝ համարելով այն ամենամեծ չարիքը։

«TMM – Սովորեցրո՛ւ ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի հիմնադիր ղեկավար Լենա Հարությունյանի կարծիքով՝ հասարակությունը ոչ թե անտարբեր է, այլ իրազեկված չէ այդ հիվանդության մասին։

«Երեխայի արտաքինից երբեք չի երևում, որ նա խնդիրներ ունի: Ընդամենը հոգեբանական ներքին հոգեվիճակ է, որը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում հաղորդակցման ժամանակ։ Երբ սայլակով երեխա են տեսնում փողոցում, հաստատ մոտենում են, օգնում, բայց երբ տեսնում են մտամոլոր քայլող երեխայի, չեն պատկերացնում, որ նա հաշմանդամություն ունի, չի կարողանում խոսել, շփվել»,- ասում է Հարությունյանը։

Նա համոզված է, որ աուտիզմ ունեցող երեխաներն անընդհատ ուղեկցողի կարիք ունեն, կամ էլ ծնողները պետք է նրանց հետ լինեն։ Կարծում է, որ շատ փոքր է այն երեխաների թիվը, որոնց կարելի է սովորեցնել ինքնուրույն գնալ խանութ ու հետ վերադառնալ տուն, ինչն էլ, հաճախ, կախված է լինում երեխայի ունակություններից։

«Իմ երեխան նույնպես աուտիզմ ունի, ու նրան տանը մենակ թողնելիս ես փակում եմ երկու փականն էլ, որ հանկարծ տանից չփախչի, որովհետև ազատություն է ուզում։ Նրանք ցանկություն են ունենում դուրս գալու, բայց որպես ծնող էլ դժվար է անընդհատ նրանց տալ այդ ազատությունը, քանի որ այլ կարևոր գործեր էլ են լինում, որ պետք է անես»,- ասում է Հարությունյանը։

Նա ցավով է խոսում Արթուր Մարտիրոսյանի դեպքի մասին՝ նշելով, տղան մի քանի անգամ փորձ է արել փախչել տանից, ինչը նրան վերջապես հաջողվել է, սակայն ավարտվել է ողբերգությամբ։

«Հայաստանում, փաստորեն, պարբերաբար ունենում ենք նման դեպքեր։ Հունիս ամսին էլ 14-ամյա Հայկ Հարությունյանն էր կորել Այնթապ գյուղից։ Աուտիզմով արդեն երկրորդ բալիկն է կորում։ Վերջես մեր կենտրոնի մոտ էր մի երեխա կորել։ Մարդիկ բերել էին մեր կենտրոն։ Երեխան չէր խոսում, չէր արձագանքում, ձյան մեջ նստած էր հողաթափերով, արագ զանգահարեցինք ոստիկանություն, գտանք ծնողներին։ Այսինքն՝ մարդիկ կան, որոնք հասկացել էին, որ երեխան տարօրինակ վարքագիծ ունի ու բերել էին մեր կենտրոն։ Սա նշանակում է, որ աուտիզմի մասին պետք է շատ խոսել»,- հավելում է նա։

«Առաջարկում եմ, որ աուտիզմով երեխաները տարբերանշաններ կրեն, որի վրա գրված կլինի. «Ես ունեմ աուտիզմ, կորել եմ, խնդրում եմ զանգահարեք մայրիկիս այս հեռախոսահամարով»,- ասում է Հարությունյանը։

Նա բերում է ԱՄՆ-ի օրինակը, որտեղ նման երեխաների կորելու դեպքերում անմիջապես բոլորի հեռախոսներին հաղորդագրություն է գնում, որպեսզի մարդիկ տեղեկանան։

«TMM – Սովորեցրո՛ւ ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնը զբաղվում է Հայաստանում աուտիզմ, մտավոր հետամնացություն և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների խնդիրներով։ Կենտրոնն ունի 90 շահառու։ Կենտրոնի հիմնադիրը նշում է՝ նախատեսում են շուտով միջոցառում կազմակերպել, որը կնպաստի հասարակության իրազեկվածության բարձրացմանը։

«Կաշխատենք լրատվամիջոցների հետ, կտարածենք տեղեկատվություն։ Բոլորս պետք է միավորվենք ու ինչ-որ ձևով կարողանանք օգնենք իրար»,- ասում է նա։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am