«Եթե պետությունը չի տրամադրել աշխատանք, և օտար ափերից եկած փողն ուզում է հարկել, սա ներկայանում է գրեթե չհիմնավորված մի բան». տնտեսագետ

19-11-2018
759 դիտում
«Եթե պետությունը չի տրամադրել աշխատանք, և օտար ափերից եկած փողն ուզում է հարկել, սա ներկայանում է գրեթե չհիմնավորված մի բան». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

- Պարո՛ն Բոստանջյան, ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դնում նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Սա հարվածելու է առաջինը արտագնա աշխատանքի մեկնածների ընտանիքներին, քանի որ քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը։ Ի՞նչ նպատակ է այն հետապնդում, և ի՞նչ վտանգներ եք տեսնում։

- Ընդհանրապես հարկումը և, մասնավորապես, եկամուտների հարկումը, բնականաբար, հետապնդում է նպատակ պետական գործառույթներն ավելի բարձր մակարդակով իրականացնելու համար, սակայն հարկումը, այդ թվում նաև՝ եկամուտների հարկումը տեղի է ունենում այն պարագայում, երբ այդ եկամուտները պետությունն իր քաղաքականությամբ է ստեղծել։

Բոլոր այն եկամուտները, որոնք այլ տեղերում են ստեղծված, և բոլոր այն երկամուտները, որոնք, ըստ էության, անուղղակի ձևով ծառայում են մեկ նպատակի, որպեսզի մի մեծ զանգված կարողանա որոշակի, մինչև անգամ դժվարությամբ խնդիրներ լուծելու, կենցաղային բնույթի առաջնահերթ իր պահանջմունքները բավարարելու, այդպիսի եկամուտների հարկումը ներկայանում է ոչ հիմնավոր։

Այլ բան, որ պետությունն իր տնտեսական քաղաքականությամբ իրականացնում է այնպիսի գործառույթներ, որի պարագայում ֆիզիկական մարդը կարողանում է հանգրվանել աշխատանքում, աշխատանքի դիմաց նա ստանում է արժանավայել վարձատրություն և այդ արժանավայել վարձատրությունից որոշակի մաս հարկային ձևով պահում են, որպեսզի նորից ընդհանրական խնդիրներ լուծի։ Բայց եթե ես չեմ տրամադրել ո՛չ աշխատանք, ո՛չ այլ բան, և օտար ափերից եկած փողն ուզում եմ հարկել, սա, ըստ էության, ներկայանում է գրեթե չհիմնավորված մի բան։

-Մի կողմից նշվում է, որ Հայաստանում խրախուսվում են ներդրումները, որ դաշտն ամեն առումով կարգավորվել է, մյուս կողմից՝ նոր խնդիրներ են առաջացնում քաղաքացու համար։ Ինչո՞ւ։

- Սրանք, իհարկե, մահացու վտանգներ չեն, բայց միևնույն ժամանակ առանց այդ էլ ոչ կայուն հոգեբանական վիճակի պարագայում մարդկանց մոտ արտագաղթելու ցանկությունը կմեծանա, մասնավոր տրասֆերտներ ուղարկողներն էլ կա՛մ չեն ուղարկի, կա՛մ էլ ուղարկելու դեպքում՝ ո՛չ օրինական ճանապարհով և ո՛չ տեսանելի եղանակով ։

Այսինքն՝ այսպես թե այնպես, սա շատ մշուշոտ երևույթ է և իր մեջ բավականաչափ ռիսկեր, էլ չեմ ասում՝ անօրինականություններ կարող է պարունակել։

- Այսինքն՝ արդեն ծանոթի միջոցով կամ ա՞յլ եղանակով կուղարկեն գումար։

- Խոսքը ոչ միայն զարտուղի ճանապարհով գումար ուղարկելու մասին է, այլ նաև մեզանում ոչ կայուն հոգեբանական վիճակում գտնվողները կմտածեն, որ ավելի լավ է արտագաղթեն երկրից։

- Այսինքն՝ սա հին իշխանության գործելաոճի նմանություն չէ՞, հին իներցիայի շարունակություն չէ՞։

- Չասենք այդպես։ Ես հասկանում եմ մեր իշխանություններին։ Մենք ունենք բազմաթիվ գործառույթներ, խնդիրներ, և այդ խնդիրների մի ստվար զանգվածը անհետաձգելի է և առաջնահերթ, բայց այդ խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, այլապես փոքր հնարավորությունների տեր հանրապետությունը չունի ճոխ միջոցներ այդ խնդիրները լուծելու համար։

Դրա համար մենք ստիպված քայլեր ենք անում, մասնավորապես, այս կարգի։ Պետք է մտածել այնպիսի քայլերի մասին, որ գոնե այդ քայլերն իրենց հետ չբերեն նոր դժվարություններ և նոր բացասական զարգացումներ։

- Ըստ էության՝ կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու եկամուտն ավելացնելու, աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով, այլ այն կրճատելո՞ւ տրամաբանությամբ, այսինքն՝ քաղաքացու բեռն է՛լ ավելի է մեծացնում։

- Այո՛, ուզես թե չուզես նման որակումներ են լինելու, քանի որ քաղաքացու գրպանը ոչ թե դատարկ է, այլ քաղաքացու պահանջի կողքին նրան ընձեռել ես աշխատանքի հնարավորություն, երբ ընձեռել ես արժանապատիվ աշխատավարձ ստանալու հնարավորություն։ Մեզ մոտ պաշտոնապես գրացված է 32-34 տոկոս աղքատություն, բայց մենք գիտենք, որ սա սիմվոլիկ գնահատական է, որովհետև Հայաստանում աղքատների թիվը գերազանցում է 70 տոկոսը, հիմա այդ աղքատից ի՞նչ հարկ վերցնես։ Եթե դու նման բան ես անում, ես հասկանում եմ, որ դու չարամտորեն կարող է չանես նման բան, բայց այն կարող է վերածվի չարամտության։

Մանե Հարությունյան

MediaLab.am