Վաչագան Ղազարյան. 6 միլիոնանոց տղան

12-12-2018
1285 դիտում
Վաչագան Ղազարյան. 6 միլիոնանոց տղան

Վաչագան Ղազարյանը պատրաստ է պետությանը նվիրաբերելու 6 միլիոն դոլար: Լավ էլի: Միայն թե ցույց մի՛ տվեք, թե պետությանը լավություն եք անում:

Եթե դրանք օրինական փողեր են, ուրեմն պետությանը սարքում եք ռեկետչիկ: Եթե անօրինական են, ի՞նչ է նշանակում «քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված դրամական միջոցները մոտ 6 մլն դոլարի չափով փոխանցել պետությանը»:

Եթե սրանք օրինական փողեր են, դուք պետությանը դնում եք վտանգի տակ, վաղը կգա մեկ այլ իշխանություն և Եվրադատարանի քավորությամբ հետ կվերցնի այս գումարները պետությունից: Բայց քանի որ թալանի մեխանիզմից գլուխ չհանողն անգամ գիտի, որ էս 6 միլիոնը թալանված գումար է, ուրեմն պետք է այլ բան առաջարկել սեփական անմեղությունն ուժեղացնող: Սա նույնիսկ գրավի գումար չէ:

Ուղղակի վտանգավոր է մտածել, թե ինչե՛ր չի կարողացել ժամանակին անել պետությունն այս պակասող 6 միլիոն դոլարով, Ալեքսանդր Սարգսյանի 30 միլիոն դոլարով: Պետություն չէր, այլ՝ կարաս, որտեղ մարդիկ կարգավիճակ չունեին:

Վիրավորական է անգամ տեղեկանալը, որ հետաքննության մեջ գտնվող ՀՀ քաղաքացին պետությանը 6 միլիոն դոլար է տալիս ու ասում է՝ ի փառս Հայաստանի և Արցախի:

Պետության համար ձեր ողորմածությունն արդեն թեմա չէ, թեմա է այն ագահությունը, որով էս գումարը մտել է ձեր գրպանը: Որովհետև դա բացահայտելուց հետո է, որ այլևս նման բան չի արվի, որովհետև ինստիտուտների հետ խաղալ չի կարելի: Թալանելուց հետո պետք էր վերացնել բանկերը, նախարարությունները, ընդդիմությանը, ժողովրդին: Իսկ դուք պետության իմիտացիան պահպանել եք, ժողովրդին Հայաստանից դուրս էիք մղում կամ հանուն ընտրակաշառքի պահում էիք աղքատության մեջ՝ մտածելով, որ աղքատ մարդուց դուրս եք մղում ամենայն բարոյական և արժանապատիվ բան:

Եթե այս 6 միլիոնն օրինական փող է, ուրեմն ինչո՞ւ հենց հիմա փողոցներ չեն փակվում: Եթե սա օրինական փող է, ինչո՞ւ ձեր ընկերը, որը համաձայնել է այս գումարը տալ պետությանը, աղմուկ չի բարձրացնում:

Ո՞վ է այդ ընկերը, որը պատրաստ է հրաժարվել 6 միլիոն դոլարից: Նա ինչ-որ ավելի շատ բա՞ն ունի թաքցնելու:

Էս թվերը դեռ շատ թվեր կբերեն իրենց հետևից: Իսկ դուք ազնիվ չեք: Դուք չեք ասում՝ բոլորն էին թալանում, մենք ումի՞ց էինք պակաս: Չեք ասում, որովհետև բոլորին առաջնորդողը դուք էիք: Չեք ասում, որովհետև հոգու խորքում «ազնվորեն» կառավարելու և տնօրինելու այլ գիտակցում չեք ունեցել: Չեք ասում, որովհետև կարծում եք, թե եկողներն իրականում վրեժ են լուծում և դեռ պատասխան կտան դրա համար: Չեք ասում, որովհետև դա միայն ձեր գումարը չէ: Ինչո՞ւ ձեր մտքով չէր անցնում այս գումարը պետությանը տալ մինչև կալանավորվելը, ինչո՞ւ ընդհանրապես Առաքել Մովսիսյանի նման չներկայացաք նախաքննական մարմին և չասեցիք՝ գիտե՞ք, «պադվալում» 6 միլիոն դոլար եմ գտել, պետությանը պետք չի՞ գա:

Պետությունը, իհարկե, կվերցնի այդ գումարը: Բայց կասկածում եմ, որ այն կվերցնի իբրև նվիրատվություն: Ինչո՞ւ: Որովհետև նվիրատվությունն ընկալելի է Սփյուռքից:

Հայաստանցու նվիրատվությունը ո՞րն է, երբ արդեն գիտենք, որ «նվիրաբերողը» գործարար չի եղել, այլ՝ պետական ծառայող: Մարդը բյուջեից աշխատավարձ է ստացել: Պետությունը կվերցնի, որովհետև ինքը վերցնում է խլվածը: Մյուսների համար կա Հարկային օրենսգիրքը:

Մհեր Արշակյան

MediaLab.am