«Արմենակ Մնջոյանը բացառիկ պահվածք է դրսևորել, ինչպե՞ս կարելի է թողնել, որ մարդը 25 տարի աչքիդ առաջ վերանա». Իրավապաշտպան

07-01-2019
1225 դիտում
«Արմենակ Մնջոյանը բացառիկ պահվածք է դրսևորել, ինչպե՞ս կարելի է թողնել, որ մարդը 25 տարի աչքիդ առաջ վերանա». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Տիկի՛ն Ալեքսանյան, նախօրեին մահացավ «Դրոյի գործով» ցմահ ազատազրկված Արմենակ Մնջոյանը։ Դուք գրառում էիք կատարել ու նշել, որ նրա մահը մնում է իշխանությունների պատասխանատվության տիրույթում։ Ինչո՞ւ նոր իշխանության օրոք ևս ցմահ ազատազրկվածները, որոնք 20 տարուց ավելի անազատության մեջ են, շարունակում են մնալ ճաղերի հետևում։

- Օրենքը նախատեսում է, որ ազատազրկման 20 տարին լրանալուց հետո պետք է այդ անձանց հարցը քննարկվի, և նրանք ազատ արձակվեն։ Ցավոք, մենք այդպիսի նախադեպ չենք ունեցել, ու կարծում եմ՝ սա պարզապես անտարբերություն է։

Ու դա անտարբերություն է նաև իշխանության համար, թեև սա շատ լուրջ խնդիր էր։ Երբ եկավ նոր իշխանությունը, ցմահ ազատազրկվածները մեծ հավատով էին լցված, որ ինչ-որ բան կփոխվի, բայց բացարձակապես անտարբերություն էր։

Մենք շատ ենք զբաղվել ցմահ դատապարտվածների հարցերով, և մի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ, այո՛, Հայաստանի բնակչության թվի համեմատ ցմահ դատապարտյալների թիվը շատ մեծ է, և պետք է նրանց հարցը կարգավորել։ Բայց ոչ մի բան չկարգավորվեց։

Անգամ ամիսներ առաջ ասաց, որ պետք է ցմահների խնդիրները վերանայել, բայց դա էլ չկա։ Ես կարծում եմ, որ նրանք իրենց խոստումներն ու ասածները մոռացել են, և իշխանությունները պահվածքը սովորական անտարբերություն եմ գնահատում։

- Համացանցում քննարկումներում նշվում էր, որ քաղաքական պատիժների դեպքում, հատկապես, որ ահաբեկչական ակտ նախապատրաստելու մասին է խոսքը, պետք է այդ մարդիկ համաներման կամ ներման չարժանանան։ Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը։

- Ես այդպես չեմ մոտենում խնդրին։ Ես կուզենայի, որ Հայաստանն ունենար մարդասիրական կեցվածք, և ցմահ ազատազրկվածներ չունենայինք։ Ես չեմ ուզենա, որ առանձնացվի՝ ում հետ ինչպես վարվել։ Ես մի քանի տարի առաջ տեսակցել եմ Արմենակ Մնջոյանին, և բանտի ղեկավարությունն էլ գիտեր, որ նա բացառիկ պահվածք է դրսևորել այս տարիների ընթացքում։

Ինչպե՞ս կարելի է թողնել, որ մարդը 25 տարի աչքիդ առաջ վերանա։ Ես նաև տեղյակ եմ, որ շտապօգնությունը շատ ուշացումով է եկել, մեկ ժամից ավելի նա շատ ծանր վիճակում է եղել, երբ նոր շտապօգնություն են կանչել, երբ նրան անհապաղ պետք էր տեղափոխել հիվանդանոց։ Եթե պետությունը բուժում չի իրականացնում հիվանդ դատապարտյալների նկատմամբ, դա նշանակում է, որ նա դատապարտյալներին պահում է հիվանդ վիճակում։

«Նուբարաշենը» շատ վատ վիճակում գտնվող բանտ է, և հիվանդությունների դեպքում դատապարտյալները ոչ մի աջակցություն չեն ստանում։ Բացի ցավազրկողից այլ բան չունեն, որ դատապարտյալին բուժեն։ Ինչ վերաբերում է նոր իշխանությանը, նա պետք է իր հումանիստական, մարդկային էությունը ցույց տար, և երբ մեծ համաներում էին հայտարարում, այն պետք է տարածվեր ցմահ դատապարտյալների վրա։

Այսինքն՝ նրանք, որոնք արդեն 20 տարի բանտում են, նրանց պետք է ազատ արձակեին, օրենքը դա նախատեսում է։ Էլ չեմ ասում, թե ի՛նչ վիճակում է մեր դատական համակարգը և ինչպե՛ս է մարդկանց դատապարտել։

Եթե ես առանձնացնեմ զինվորական հանցագործությունները, պետք է ասեմ, որ նախկինում դատախազությունը ում ուզել՝ ցմահի տակ է դրել։ Շատ վիճելի հարց է, թե արդյոք նրանք պե՞տք է ցմահ ազատազրկման ենթարկվեին, թե՞ ոչ։

Պետք էր հաշվի առնել դատական համակարգի վերաբերմունքը, դատական համակարգի որակը Հայաստանում։ Այս հարցն ամենակարևորն է, և այստեղ հայտնի մարդիկ կան, որոնք անմեղ են դատապարտված։ Ես շատ եմ ասել, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպանություն գործածների վրա չի տարածվում համաներումը, շատ վիճելի հարց է, թե արդյոք նրանք ճի՞շտ են դատապարտվել, թե՞ ոչ։ Վարչապետը դա շատ լավ գիտի, որովհետև այն մարդկանցից է, որն ուշադիր է եղել բանտերին, մշտապես այցելել է և բավականին տեղեկացված անձանցից մեկն է։

- Երբ դուք հանդիպել եք Մնջոյանի հետ, նա վստա՞հ է եղել, որ ոչ մի դեպքում համաներումն իր վրա չի տարածվելու։

- Ես նրա հետ խոսել եմ մինչև համաներման կիրառումը, ինքն ասաց, որ չի հավատում իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ներում շնորհելու բացառիկ լիազորություն ունի, բայց դա չի արել։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է համաներում չկիրառվի ցմահների նկատմամբ, հատկապես որ մենք գիտենք, թե ի՛նչ պայմաններում և ի՛նչ վիճակում են նրանք։

Ես հիմա բերեմ Արթուր Մկրտչյանի օրինակը, որը 25 տարի անմեղ տեղը նստած է։ Նա ոչ մեկին չի սպանել։ Օրերս վաղաժամկետով ազատ արձակվեց Վահագն Մարուքյանը, որը 25 տարի նստած էր ու հաշմանդամ էր։

Ինքն էլ է պնդում, որ որևէ հանցագործություն չի կատարել, ուղղակի իր վրա են բարդել։ Հիմա այդ գործերը չպե՞տք է նայել։ Հո ասելո՞վ չի, որ սպանություն կատարածների վրա համաներումը չի տարածվում, ու հանգիստ գնալ քնելու՝ շատ լավ իմանալով, թե ի՛նչ դատական համակարգ ունես, և ի՛նչ աղմկոտ բաներ կան դրանց մեջ թաքնված։

- Հնարավո՞ր է, որ Արմենակ Մնջոյանի մահը սթափեցնի իշխանություններին՝ ցմահների նկատմամբ այլ մոտեցում որդեգրելու տեսանկյունից։

- Նախկին իշխանությունների ժամանակ ոչինչ չի փոխվել, ընդհանրապես այդ հարցը դուրս է եղել քննակումից։ Ես չգիտեմ, թե նոր իշխանությունն ի՛նչ կանի։ Ես չեմ կարող երաշխավորել, որ այս դեպքը խրատ կլինի իշխանության համար։

Դուք հիշում եք, թե Հաց բերողի ժամանակ ի՛նչ պատմություն, ի՛նչ աղմուկ-աղաղակ եղավ, բայց ոչինչ չփոխվեց։ Ես ինքս մոտ երեք ամիս առաջ Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում եմ ունեցել, և նա ասել էր, որ ցմահների հարցը փաթեթից առանձնացրել են, առանձին պետք է քննարկեին և ազատ արձակեին նրանց: Այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։

Երբ Արտակ Զեյնալյանին նշանակեցին արդարադատության նախարար, ցմահները հատ-հատ նամակով դիմել են նրան ու պատասխան չեն ստացել։ Ինչպե՞ս կարելի է մարդուն, որ 20 տարուց ավելի բանտում է, ներում չշնորհել։ Դա իրոք շատ դաժան մոտեցում է։ Պետք է փոխվի այդ վերաբերմունքն առհասարակ մարդու նկատմամբ, և այդ փոփոխությունը պետք է նպաստի հանրության առողջացմանը, միջավայրի փոփոխմանը։

Ուզում եմ ընդգծել, որ Արթուր Մկրտչյանը, որը 24-25 տարի բանտում է, դիմել է, որ ռեժիմի փոփոխություն կատարեն, բայց անգամ դա չեն անում։ Դատարանով ինքը շահել է, բայց դատարանի պահանջը արդարադատության նախարարությունը չի կատարում։

Բազմիցս գրել ենք այդ մասին, անձամբ ես դիմել եմ արդարադատության փոխնախարար Քրմոյանին, բայց միևնույն է, այդ մարդը շարունակում է մնալ նույն պայմաններում։ Էլ չեմ ասում, որ առանց դատարան դիմելու նրանք պետք է դա անեին։ Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներում ևս ոչինչ չի փոխվել հեղափոխությունից հետո։

Մանե Հարությունյան

Medialab.am