«Խանութը առաքումից երկու ժամ հետո զանգում, ասում է՝ ձուն վերջացավ». ձուն թանկացել է, պահանջարկը՝ կրկնակի աճել

Զատիկին ընդառաջ ձվի շուկայում այս օրերին տիրող անառողջ աշխուժությունը անհանգստացրել է Հայաստանի թռչնաբույծների միությանը: 

Միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Մեդիալաբին» ասում է, որ վերջին երկու օրերին ձվի շուկայում փոփոխություններ են կատարվում, ինչն էլ քաղաքացիների շրջանում խուճապային տրամադրություններ է ստեղծում, հատկապես Սուրբ Հարության տոնից առաջ: 

Մասնավորապես, Երևանի որոշ խանութներում, ինչպես նաև սուպերմարկետներում կա՛մ ձու չկա, կա՛մ էլ սովորականից թանկ է 20-30 դրամով: Փոխարենը ակտիվորեն ձու են վաճառում փոքր ու միջին խանութները, այն էլ՝ 75-100 դրամով: 

Հայաստանի 8-10 թռչնաբուծական միջին և խոշոր ընկերությունները սովորական օրերին, ըստ Ստեփանյանի, օրական առանց միջնորդի խոշոր առևտրային ցանցեր են առաքում 800 հազար հավկիթ: Այժմ ձվի պահանջարկը կրկնապատկվել է:

«Մենք գիտեինք՝ ինչքան հավկիթ ենք բաց թողնում շուկա: Ավելին, պատրաստվում էինք նաև նախատոնական օրերին: Բայց հանկարծ էս երկու օրը պահանջարկը բարձրացավ, խուճապ սկսվեց, քանի որ սկսեցին մեծ չափով գնումներ կատարել, ինչը մենք չէինք նախատեսել: Նայեք, օրինակ՝ այն խանութը, որին ընկերությունը երկու օրվա համար 10-20 արկղ ձու էր տալիս, երկու ժամ հետո զանգում, ասում է՝ ձուն վերջացավ»,- նշում է Ստեփանյանը:

Առաջնային անհրաժեշտության այս ապրանքային շուկայում նման խուճապի պատճառը Ստեփանյանը հստակ չգիտի, բայց կարող է ենթադրել. «Ընկերությունները ամեն օր 800 հազար հավկիթ են բաց թողնում շուկա, բայց, փաստորեն, առանձին մարդիկ կամ խմբեր շատ արագ սկսում են մեծ քանակով, նույնիսկ սայլակներով գնում կատարել»:

Թռչնաբույծների միության նախագահի կարծիքով՝ գնած հավկիթը այդ մարդիկ կամ խմբերը տանում են ու վաճառում փոքր, միջին խանութներում: «Ահա այդ երևույթն էլ հանգեցնում է հավկիթի գնի արհեստական աճի»,- նշում է նա:

Ստեփանյանն ասաց, որ խնդրել են պատկան մարմիններին ուսումնասիրել ձվի շարժը՝ արտադրությունից մինչև խանութ, ինչպես նաև՝ խանութից դուրս: Բացի այդ, խոշոր առևտրային ցանցերին խնդրել են սահմանափակել ձվի գնումը:

«Խնդրել ենք առևտրային խոշոր ցանցերին սահմանափակել ձվի գնումը, որովհետև 4-5 հոգով մտնում են ու սայլակներով առնում, տանում: Խանութում էլ վաճառքի պլան կա, ձգտում են վաճառել, բայց ձվի բացթողնման այն քանակությունը, որ մենք ծրագրել ենք, չի բավարարում»,- ներկայացնում է Սերգեյ Ստեփանյանը:

Շուկայում ներկրված ձու, ըստ մասնագետի, բացառվում է, քանի որ նախ՝ որևէ երկիր այդ ապրանքը չի արտահանում, հետո էլ՝ տեղական արտադրանքը ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը:

Ստեփանյանը հույս ունի, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում իրավիճակը կկայունանա, քանի որ նոյեմբերի վերջից ընկերությունները Գերմանիայից ճտեր են ներկրել, որոնք արդեն սկսել են ձվարկումը: 

«Մի շաբաթ հետո ձվի արտադրության ծավալներն ավելանալու են»,- նշում է Թռչնաբույծների միության նախագահը: Արդյունքում նա արտադրանքի ավելցուկ ու գների կայունացում է կանխատեսում: 

«Մենք ինքներս գների սառեցում ենք անում, ի վնաս մեզ միայն նրա համար, որ մեր սպառողներին վնաս չպատճառենք: Ձգտում ենք այնպես անել, որ թռիչքային աճ չլինի»,- հավելում է նա:

Հարցին, թե ինչո՞ւ է Գերմանիայից ներկրվել ճտերը՝ հաշվի առնելով այն, որ հայաստանյան ընկերությունների համար առավել նախընտրելի է ռուսաստանյան շուկան, Ստեփանյանն ի պատասխան ասում է. 

«Ռուսաստանում այսօր ձվի բացթողնման գինը մեծածախ շուկայում բարձր է, և, բացի այդ էլ, Ռուսաստանը թույլ չի տալիս արտահանում, քանի որ իրենց խոշոր քաղաքներում էլ ձվի պակաս կա»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am