Ֆոտոցուցահանդեսը նշանավորեց Մամուլի ազատության համաշխարհային օրը

Ֆոտոցուցահանդեսը նշանավորեց Մամուլի ազատության համաշխարհային օրը
Ֆոտոցուցահանդեսը նշանավորեց Մամուլի ազատության համաշխարհային օրը

Մայիսի 5-ին ՀՀ Նկարիչների միության շենքում տեղի ունեցավ «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսի բացումը:

Մամուլի ազատության համաշխարհային օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն չորրորդ տարին՝ 2010թ. ի վեր, կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։

Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին և հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին: Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ էլեկտրոնային կատալոգում:

«Մամուլի ազատության 21-րդ տարեդարձի առիթով ԵՄ-ն վերստին հաստատում է, որ ազատ, բազմակարծ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, որը խթանում է տեղեկատվության և մտքերի ազատ տարածումն ու ապահովում անկախություն և հաշվետվողականություն»,- իր ելույթում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

«Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները շատ ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 350 լուսանկար և ծաղրանկար: Այդ լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ: Կան նաև լուսանկարներ, որոնք արտահայտում են քաղաքացիական հասարակության պայքարն իրենց իրավունքների համար»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ  Շուշան Դոյդոյանը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն իր խոսքում նշեց. «Հայաստանում մամուլի ազատության համաշխարհային օրվան արդեն երրորդ անգամ եմ մասնակցում: Տպավորիչ է վերջին տարիների ընթացքում   ականատես լինել միջոցառման անցկացմանն ու   մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին անդրադառնալու կազմակերպիչների հանձնառությանը»:

Միավորված ազգերի գլխավոր ասամբլեան 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր՝ կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում:

Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մամլո հաղորդագրությունը: 

Ի դեպ ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ «Մեդիալաբի» ծաղրանկարիչ Վահե Ներսեսյանի եւ ֆոտոլրագրողներ Փիրուզա Խալափյանի եւ Կարապետ Սահակյանի լուսանկարները: 

Լուսանկարում` Վահե Ներսեսյանը

© Medialab.am