Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային 3 խմբերն այց են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կացարաններ՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, մարզերում տեղակայված կացարաններում Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ներգրավված բժիշկը և հոգեբանը, ծանոթացել են նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարաններում բնակվող անձանց հետ: Առաջնահերթ ուշադրության են արժանացել երեխաներն ու տարեցները:
Մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կացարաններում կամավոր աշխատանք կատարող քաղաքացիներն այցերի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ: Նրանց հետ քննարկվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, բնակության պայմանների, սննդի, հագուստի, երեխաների կրթության իրավունքն անխոչընդոտ ապահովելու, տարեցների սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման և այլ հարցեր:
Կացարաններում բնակվող անձանց կողմից բարձրացված մի շարք հարցեր տեղում ստացել են լուծում:
«Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են, և ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն մարդկանց խնդիրները լուծելու համար:
Արցախից ժամանած անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ: