«Իմ քաջ արծվիկ, իմ հրե տղա, իմ հերոս բազե…». Վարդան Պետրոսյանը՝ Ալբերտ Հովհաննիսյանին

«Իմ քաջ արծվիկ, իմ հրե տղա, իմ հերոս բազե…

Որտեղի՞ց եկար ու ե՞րբ գնացիր, կրակի նման…կրակների մեջ…

Աստված հոգիդ լուսավորի, ու պատկերդ… ինչպես դու լուսավորեցիր մի ամբողջ սերնդի պատկեր…

Իմ քաջ արծվիկ, իմ հրե տղա, իմ հերոս բազե…»,-գրում է դերասան Վարդան Պետրոսյանը՝ կիսվելով սեպտեմբերի 27-ից ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի խորհրդանիշների մեկին՝ Ալբերտ Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ Ալբերտի մահվան լուրն այսօր հայտնեց հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

Image may contain: 1 person, outdoor

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրել էր.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:
Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց … այլ բան էր կանխորոշված:
Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:
Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ…
Փա՛ռք մեր հերոսներին:»