51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը

51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է  Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Մենք կորցրեցինք թանկագին Մարգար Եսայանին, մեր աչքի առաջ։ Նա հրաշալի մարդկանցից մեկն էր, ում դաստիարակել է այս երկիրը: Մաղթում եմ համբերություն նրա ընտանիքին եւ հարազատներին»,- գրել է Քալընը:

Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում: 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում: Աշխատել «Ենի Շաֆաք» պարբերականում, որպես լրագրող:

2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում ընտրվել է պատգամավոր: