«1000+» հիմնադրամին վերջին 25 օրում նվիրաբերվել է 4.5 մլն ԱՄՆ դոլար

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 21-ը (ժամը 10:00-ի դրությամբ) նվիրաբերվել է 4 մլն 500 հազար ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նվիրաբերություններն իրականացվել են աշխարհի 60 երկրից:
Հայերն աշխարհի 60 երկրից 1 դոլարից մինչև 1 մլն ԱՄՆ դոլար գումար են նվիրաբերել «1000+» հիմնադրամին: Ընդհանուր առմամբ կատարվել է 8 հազար 530 նվիրաբերություն:

«Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու նրա ընտանիքին»,- հայտնել են հիմնադրամից։ 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ շատ, չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը։

«Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել այս հիմնադրամի վրա, որտեղից գումարներն ուղղվելու են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների ընտանիքներին։ Այնպես որ, եթե ցանկանում եք գումար փոխանցել և չգիտեք՝ որ հիմնադրամին, ապա այս պահին ճիշտը Զինծառայողների ապահովագրության (կամ, ինչպես ասում են, 1000 դրամների) հիմնադրամին փոխանցելն է»,- նշել է Թունյանը և կից տեղադրել կայքի հղումը՝ https://www.1000plus.am/hy/:

Նա նաև ընդգծել է, որ այս պահի դրությամբ, նվիրատվությունների ծավալը 2.26 մլրդ դրամ է։