Սա մի նոր Սարդարապատ է, ուստի համայն հայության և ամբողջ Հայաստանի պատերազմն է․ Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանի կոչը ներկայացնում ենք ստորև․

Արցախաբնակ սիրելի հայրենակիցնե՛ր

Կրկին պատերազմ է և կրկին հիմնական ծանրությունը ձեր ուսերին է: Բայց դուք մենակ չեք: Երևանը, Հայաստանի մյուս մարզերը և ամբողջ Սփյուռքը ձեզ հետ են և ձեր թիկունքին են: Սա մի նոր Սարդարապատ է, ուստի համայն հայության և ամբողջ Հայաստանի պատերազմն է:

Երբեք չմտածեք, թե Հայաստանի և հայության ռեսուրսն այն է, ինչ դուք եք տեսնում: Մենք դեռ նոր ենք մոբիլիզացվում և կազմակերպվում: Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն:

Այս պատերազմը վերջանալու է մեծ հաղթանակով և շատ թանկ է նստելու թշնամու վրա. ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը: Պատերազմի նպատակը հենց այդպիսի միասնական, հզոր և ինքնիշխան պետությունն է:

Այդ նպատակի մասին ենք երազում ավելի քան 30 տարի: Դրա համար են իրենց կյանքը զոհաբերում մեր լավագույն զավակները: Մնացե՛ք կանգուն և անսասան Արցախի ազատ լեռների պես: