Ինչ են թաքցնում բարձրաստիճան պաշտոնյաները

Ինչ են թաքցնում բարձրաստիճան պաշտոնյաները
Ինչ են թաքցնում բարձրաստիճան պաշտոնյաները

Բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի մասին 2013 թվականի տեղեկությունները դեռ հասանելի չեն հանրությանը, չնայած ժամկետները սպառվել են:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղակայված տեղեկատվության համաձայն՝ ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32 և 33-րդ հոդվածների պահանջների՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մինչև 2014թ փետրվարի 15-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Փետրվարի 15-ը վաղուց անցել է, սակայն հանրությանը հասանելի չեն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը:

Հանձնաժողովի կայքում միայն որոշ փոխնախարարների, գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ու Երևանի փոխքաղաքապետերի գույքի և եկամուտների հայտարարագրեր են ներկայացված:

Ներկայացված չեն Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, բոլոր նախարարների, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Երևանի քաղապետ Տարոն Մարգարյանի, բոլոր մարզպետների, պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից Lragir.am-ին պարզաբանեցին, որ պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելը պայմանավորված է հանձնաժողովի նոր կայքի գործարկմամբ, որը կլինի առաջիկայում:

“Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այսօր կառուցում է էլեկտրոնային համակարգի հետ համատեղելի նոր պաշտոնական կայքէջ, որտեղ ավտոմատ կերպով կհրապարակվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հարկային տարվա հայտարարագրերը հանձնաժողով ներկայացվել են էլեկտրոնային ձևով՝ դրանց հրապարակման ենթակա տվյալները պաշտոնական կայքէջում կտեղադրվեն վերջինիս պատրաստման աշխատանքներն ավարտելուն պես: Մինչև նոր էլեկտրոնային համակարգի գործարկումը թղթային տարբերակով հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտի և փոխկապակցված անձանց հայտարարագրերը կարող եք գտնել սույն կայքէջում”,- հանձնաժողովի ներկայիս կայքում տեղադրված է այդ հայտարարությունը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկ տարի առաջ հանձնաժողովը պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի հրապարակման ժամկետների վերաբերյալ իրենց հարցմանը նույն պատասխանն է տվել, թե ժամկետների ուշացումը նոր կայքի գործարկմամբ է պայմանավորված:

“Մեկ տարի առաջ հանձնաժողովն այլ նախագահ ուներ, և նա ասաց, որ նոր կայք է պատրաստվում, բայց փաստորեն այդ կայքը մինչև հիմա պատրաստ չէ՞”,- ասաց Մելիքյանը: Նա կարծում է, որ այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ հանձնաժողովի կողմից իրավիճակը քողարկվում է:

Նախորդ տարի երկու փուլով իրականացրած մոնիթորինգի արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել էր, որ որոշ պաշտոնայների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը հանրությանը ներկայացվում են ժամկետների խախտումով, իսկ որոշ պաշտոնյաներ ընդհանարպես չեն ներկայացնում հայտարարագրեր:

Չնայած նախորդ տարվա հայտարարագրերը ներկայացնելու համար ժամկետ է սահմաված մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը, սակայն նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կոմիտեն արձանագրել էր, որ հանձնաժողովի www.ethics.am կայքում, ընդհանուր առմամբ, ներկայացված էր 660 բարձրաստիճան պաշտոնատար անձ, որոնցից 338-ը չուներ 2012 թվականի եկամուտների մասին հայտարարագիր:

2013 թվականի առաջին կիսամյակի դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրերի հրապարակման օրենսդրական պահանջը խախտել էր www.ethics.am կայքում ներկայացված ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեծամասնությունը (50 տոկոսից ավելին): Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կայքում ներկայացված 662 բարձրաստիճան պաշտոնատար անձանցից 21-ն այդպես էլ չեն ներկայացրել 2012-ին վերաբերող հայտարարագրերը:: Կարդալ ավելին