«Մեր քաղաքական դաշտում երկու բեւեռ է ձեւավորվում». Վերլուծաբանները ԲՀԿ-ի հայտարարության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարածած այսօրվա պաշտոնական հայտարարությունը, որում նա հայտնում է, որ նպատակահարմար չի համարում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, վերլուծաբանները համարում են դրական քայլ:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում գնալով ամեն ինչ շատ ավելի հետաքրքրանում է, իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշում է, որ այս դիրքորոշումը դրական կազդի նաեւ եկող նախագահական ընտրությունների վրա:

«Մեր քաղաքական դաշտում երկու բեւեռ է ձեւավորվում: Եթե ԲՀԿ-ն միանար ՀՀԿ-ին կդառնար միաբեւեռ, մենաշնորհային իշխանություն եւ դա կազդեր քաղաքական դաշտի վրա, ու մենք ոչ մի շահ չէինք ունենա»,- ասում է Բոզոյանը «Մեդիալաբի» հետ հեռախոսազրույցում:

Ըստ նրա` ԲՀԿ-ի դիրքորոշումը ճիշտ է եւ շահավետ նաեւ երկրի ու հասարակության համար, քանի որ այս երկու բեւեռները կհակակշռեն միմյանց եւ կկայանա մեր քաղաքական դաշտը:

«Չեմ կարծում, որ երկրորդ նախագահի գործոնն է, որ ԲՀԿ-ն նման որոշում կայացրեց, քանի որ Գագիկ Ծառուկյանը ինքը գիտակցում է, որ եթե կոալիցիա կազմեր ՀՀԿ-ի հետ, կվարկաբեկեր իր անունն ու հեղինակությունը: Դա շահեկան չէր լինի ոչ իր, ոչ մեր երկրի համար»,- հավելում է Բոզոյանը:

© Medialab.am