«Երեկ ռամիկ էին ու եղնիկներով եկան գեղերից, հիմա իրենց էլիտա են համարում». Սերգեյ Դանիելյան (Յոժ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

Պարո՛ն Դանիելյան, ինչո՞ւ ընդդիմադիր կուսակցություններին չի հաջողվում մարդկանց մեծ մասին փողոց հանել։ Մարդիկ չե՞ն վստահում ընդդիմադիրներին, թե՞ անտարբեր են երկրի անվտանգության հարցերին։

– Չէ՛, մարդիկ անտարբեր չեն։ Ուղղակի երբ նայում ես, թե ովքե՛ր են այդ ընդդիմադիրները, ամեն մեկը՝ մի կուսակցության ճորտ, ամեն մեկը՝ մի օլիգարխի թերմացք, ամեն մեկը՝ նախկին աբիժնիկ։

Այն, որ այս իշխանությանն օր առաջ պետք է իշխանությունից հետ պահել, ես դրանում կասկած չունեմ։

Եթե թասիբ ունենային, կգնային։ Այսինքն՝ եթե իրենք թասիբ ունենային, կհավաքեին մի նախաձեռնող ու նորմալ խումբ, նորմալ մասնագետների՝ իրենցից ավելի խելոք, արտասահմանից։

Պետք է հավաքել արտակարգ իրավիճակներում, ճգնաժամային վիճակում աշխատող մասնագետների, իշխանությունը փոխանցել նրանց։

Բայց սրանք ամբիցիոզ հիմարներ են, նրանք էլ, դե, գիտենք ով են, էլ ինչ հայհոյեմ։ Ես բացարձակ թքած ունեմ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության վրա։ Ինձ հիմա հետաքրքրում է այն, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Այնտեղ կանգնած զորքը հիմա սոված-ծարավ լքում է դիրքերը։

Այդ ընդդիմադիրների մեջ փաստաբաններ-բաներ կան, իրենք չե՞ն իմանում, որ էդքան շատ մարդ փողոց դուրս է գալիս 15-20 տարի անց։ Ինչ էլ լինի, այդքան մարդ հիմա դուրս չի գա։ Մարդիկ հոգնում են, մարդկանց ռեսուրսը սպառվում է։ Մարդիկ իրենց դարդերով տանը նստած են՝ խաբված, պարտված, դատապարտված։

– Փաշինյանն ասում է, որ իր դեմ «էլիտար բունտ» է։ Ընդդիմադիր գործիչները վերջին շրջանում հայտարարություններ են անում, թե Նիկոլ Փաշինյանին սատարողները ժեխ են, և համեմատականներ են տանում՝ իրենք էլիտար են, իշխանությանը սատարողները՝ ժեխ։ Քաղաքական և այլ գործիչների կողմից այս բառապաշարով խոսելը որքանո՞վ է ընդունելի։

– Ես այդ ամբողջ քֆուրը վերցնում եմ վրես՝ ժեխը ես եմ։ Մի՛ նեղացեք, ժողովո՛ւրդ ջան, ժեխը պարոն Դանիելյանն է։ Ժողովո՛ւրդ ջան, մի քիչ մեծահոգի եղեք հիվանդների հանդեպ և մտածեք Սյունիքում կանգնած մեր զինվորների մասին։ Ժեխ ենք, բա ինչ ենք, եթե ժեխ չլինեինք, էս օրի չէինք լինի։ Ո՛չ ընդդիմություն ունենք, ո՛չ իշխանություն, աշխարհով մեկ խայտառակ եղանք։

– Իրոք դժվար է իրավիճակ է ստեղծվել մեզ համար, ինչպե՞ս ոտքի կանգնել։

– Փորձը ցույց է տալիս, որ մենք դասեր չենք քաղում։ Եթե իմանայինք, որ սա դաս կլինի մեզ համար, կմիավորվենք՝ Սփյուռքը, հայությունը, էկոնոմիկան կզարգացնենք, դա ուրիշ հարց է։

Բայց մենք դասեր չենք քաղում։ Մենք պետք է միավորվենք, միավորողը պետք է իշխանությունը լիներ, իսկ իշխանությունն անմեղսունակ է, մանկամիտ։ Չմիավորեցին։ Այս մնացած էլիտան, որը երեկ ռամիկ էր ու եղնիկներով եկավ գեղերից, հիմա իրենք էլիտա են։

Մի հատ նայեք, թե ձեր ծնողներն ովքեր են եղել, ա՛յ էլիտաներ։ Ես ինձ էլիտա չեմ համարում, եթե իրենք էլիտա են, ես ժեխ եմ ու ռամիկ։ Ես նկատի ունեմ և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։

– Այսինքն՝ իշխանափոխության հարցը պետք է լուծվի պրոֆեսիոնալ մասնագետների խմբին իշխանությունը փոխանցելու միջոցո՞վ։ 

– Իհարկե պետք է լինի մասնագետների խումբ։ Մենք անգամ դեմքով չպետք է իմանանք, թե այդ մասնագետներն ովքեր են։

Այսինքն՝ քաղաքականությամբ չզբաղվող ու հետագայում քաղաքականություն չմտնող մարդիկ պետք է լինեն։ Դրան ասում են ճգնաժամային կառավարում, բայց ես չգիտեմ՝ այս իշխանություններն այդ բառը գիտե՞ն, թե՞ ոչ։

Եվ մենք կկարողանայինք այս վիճակից դուրս գալ, ինչո՞ւ, մեզ պես երկրնե՞րն են նման վիճակներից դուրս եկել։

Երկրում 2 մլն ժողովուրդ է մնացել, նրանց ճգնաժամային կառավարումով ոտքի կանգնեցնելը խնդիր չէ։ Արագ պետք է դրսից փող բերել, արտերկրում այդքան հարուստներ ունենք, պետք է արագ զարգանալ։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am