Տեսանյութ է տարածվում Էջմիածին- Արմավիր` Մ-5 ճանապարհի աջ և ձախ հատվածներում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ֆեյսբուքյան խմբերում տեսանյութ է տարածվում Էջմիածին- Արմավիր` Մ-5 ճանապարհի աջ և ձախ հատվածներում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ: Իմ հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱԻՆ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Արմավիրի մարզպետարան` դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

Հիշեցնենք, որ Մթնոլորտային օդի մասին ՀՀ օրենքի Հոդված 21-ի համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:Շնորհակալություն եմ հայտնում ահազանգելու համար։ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։