«Սմերչ» համակարգով հրթիռակոծվել է Արցախի Ննգի գյուղը․ երեք կին վիրավորվել է

Ադրբեջանը կեսօրին կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:

Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու և դադարեցնելու ուղղությամբ: