Չնայած որոշակի ջանքերին, հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը և նրան զինակցող ահաբեկչական խմբավորումները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավ։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ, Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ «Հակառակորդին՝ չնայած որոշակի ջանքերին, չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ։ Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել», ընդգծեց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Մարտակերտին և ավելի հյուսիս ընկած շրջաներին, ապա ըստ Հովհաննիսյանի, դրանցում իրականացվել են հրետակոծություններ։

«Հրադադարի մասին ադրբեջանական կողմի պատկերացումներն այլ են, դրանք հանգում են Արցախի հայությանը բնաջնջելու «թույլտվության»։ Դա այդպես լինել չի կարող։ ԱՀ ՊԲ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը Արցախի ժողովրդին սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ», -հայտարարեց Հովհաննիսյանը։