10 անգամյա ուղևորափոխադրման փաթեթի գինը կկազմի 1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն. Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է.

Սկսած փետրվարի 1-ից, մեկ ուղևորության արժեքը՝ 150 դրամ, կարող եք վճարել նաև հետևյալ ձևերով՝

Telcell Wallet-ով

10 անգամյա փաթեթով (1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն), որը հասանելի կլինի տերմինալներում, այդ թվում՝ Telcell հավելվածում

Բանկային քարտերով

Իսկ ամենակարևորը.

Եթե աշխատանքային օրերին ամեն օր առնվազն երկու անգամ երթևեկում եք և հունվար կամ փետրվար ամիսներին ձեռք բերեք 30-օրյա փաթեթը, ապա կստանաք լրացուցիչ 30 օր անվճար։

Այսինքն՝ եթե ամսվա ընթացքում առնվազն 44 անգամ եք երթևեկում, ապա այդ երկու ամիսների համար մեկ ուղևորության արժեքը փաստացի կկազմի 102 դրամ։

Բացի այդ, վիճակագրությունը (տես մեկնաբանությունների բաժնում) ցույց է տալիս, որ միջին օգտվողը ամսվա ընթացքում երթևեկում է ոչ թե 44, այլ 52 անգամ, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեկ ուղևորության միջին արժեքը կնվազի մինչև 86 դրամ։

Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ օրական երթևեկում եք երեք կամ ավելի անգամ։

Այս հնարավորությունը ստեղծել ենք, որպեսզի ինքներդ փորձարկեք տոմսային համակարգի փաթեթները և առօրյա կյանքում զգաք դրանց արդյունավետությունը։

Հավելյալ մեկ ամիս կստանաք նաև 90- և 365-օրյա փաթեթներ ձեռք բերելու դեպքում։

Թելսել հավելվածով ձեռք բերելու դեպքում փաթեթները ավելի մատչելի են` 9000ը 8800, 24.000-ը 23.600 իսկ 90.000-ը 88.000 դրամ»,- գրել է նա: