Լեռնային Ղարաբաղի հարցով այս շաբաթ ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա: Նման գրառում է կատարել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերի իր միկրոբլոգում: Վերջինս նշել է, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա վերականգնելու իր բնակավայրերը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։
«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը: Ֆրենկ Փալոնը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Միջազգային հանրությունը վերջապես պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցողի։ Առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»։
Աղբյուրը՝ Factor.am-ի