ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպումներ է ունեցել Հայաստանում

Այսօր` հունիսի 13-ին, Հայաստան ժամանած ԱՄՆ ` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխպետքարտուղար Թոմաս Մելիան հանդիպումներ է ունեցել Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԱԳՆ մամլո ծառայության, անդրադարձ է կատարվել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված` Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող ջանքերին, այդ ուղղությամբ արձանագրված դրական առաջընթացին եւ հետագա քայլերին:

 

«Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես տեղեկացնում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից, «հյուրերի խնդրանքով Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ժողովրդավարության հաստատման հեռանկարների, համատարած կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ, որպես հիմնական ճանապարհ նշելով երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցակցումը»:

Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ, քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակն ու ներքաղաքական զարգացումները:

«Քննարկվել է նաեւ համակարգային բարեփոխումներին ու սահմանադրական փոփոխությունների հրամայականին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- նշվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am