ՌԴ ԱԻՆ 30 հոգանոց օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ին ժամանել է Ստեփանակերտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԻՆ-ը:
«Այն կընդգրկվի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում, որտեղ տեղում կգնահատվի իրադրությունը և կհամակարգվեն քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայում գերատեսչության խումբն ուսումնասիրում է տեղանքը դաշտային ճամբարի տեղակայման նպատակով: Ճամբարում կգործարկվի կապի շարժական հանգույց, որը նախատեսված է հումանիտար առաքելություն իրականացնելիս Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումների համակարգումն ապահովելու համար:
«Խմբի կազմում ընդգրկված են նախարարության կենտրոնական ապարատի մասնագետները և շարժական կառավարման կետը։ Մեր խնդիրներն են ՝ ուսումնասիրել արդյունքները, հետագայում նշանակել անհրաժեշտ քանակությամբ ուժեր եւ միջոցներ»,- հայտնել է օպերատիվ խմբի ավագ, ՌԴ Փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն Իգոր Կուտրովսկին: