Հայաստանի զինվորական դատախազը Արցախում հանդիպումներ է ունեցել

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ:

Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի և կայազորների զինվորական դատախազությունների գործակցության, հաստատված նոր իրադրության պայմաններում կայազորների դատախազությունների բնականոն գործունեության ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:

Վահե Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

Քննարկվել են Արցախում ներքին հանրային բնականոն կյանքի վերականգնման, հումանիտար ճգնաժամի վերացման, արցախցիների կյանքի, տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքները, այդ շրջանակներում իրավական ոլորտում համագործակցության կառուցակարգերն ու եղանակները:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմին իրավական աջակցության ցուցաբերման, զինծառայողների իրավասությունների և պարտականությունների շրջանակներին առնչվող հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։