Վլադիմիր Գասպարյան․ «Ոստիկանությունը երբեք կոպիտ չի եղել». «Ազատություն»

Վլադիմիր Գասպարյան․ «Ոստիկանությունը երբեք կոպիտ չի եղել». «Ազատություն»
Վլադիմիր Գասպարյան․ «Ոստիկանությունը երբեք կոպիտ չի եղել». «Ազատություն»

Ոստիկանների գործողություններին իրավական գնահատական տալու համար սկզբում ուսումնասիրություններ ու ծառայողական քննություններ են անցկացվում, հետո տրվում են իրավական գնահատականներ։ Այդ մասին ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվել ոստիկանության վարքագծում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի նախորդ ակցիայից հետո, հատկապես երբ ոստիկանությունը հայտարարել է, որ իրավական գնահատական կտա:

Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ 27 քաղաքացի բռնի ուժով բերման ենթարկվեցոստիկանական բաժանմունքներ։

Հաջորդ օրը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անհանգստություն հայտնեց նախորդ օրը Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, թե հասարակական կարգ պահպանելը չի նշանակում, որ ոստիկանները պետք է ծեծեն քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին:

«Ազատության» հարցին, թե ոստիկաններն ինքնագլո՞ւխ էին այդպիսի բիրտ վերաբերմունք ցուցաբերում սոցիալական պայմանների դեմ բողոքողների նկատմամբ, ոստիկանապետը պատասխանեց. – «Ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել, ոստիկանությունը, ըստ այն ուսումնասիրությունների, այն ինչ գիտեմ, գործել է ադեկվատ, և եթե համոզման սկզբունքը չեն հասկանում, ուրեմն աշխատում է պարտադրման սկզբունքը։ Պարտադրումն իր մեջ պարունակում է, ենթադրում է ուժի կիրառում»։

Գասպարյանն ասաց, որ այսօր էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի կապակցությամբ ոստիկաններին ցուցում է տվել չհանդուրժել հասարակական կարգի խախտումը։

Դիտարկմանը, թե այդ դաժանությունը հակառակ վերաբերմունքն է առաջացնում, Գասպարյանը հակադարձեց․ – «Ես չեմ կարծում, որ ոստիկանությունը դաժանություն է դրսևորում։ Ոստիկանի մասնագիտությունը մարդասերի մասնագիտություն է։ Դաժանություն դրսևորում են արկածախնդիրները, երբ մտածում են, որ զոռբայությամբ բան կփոխվի։ Նույն սոցիալական խնդիրներն ունի ոստիկանը, եթե ոստիկանությանը հայհոյելով էլեկտրաէներգիայի գները կիջնեն՝ ես համաձայն եմ, որ մեզ հայհոյեն, բայց ոստիկանությունը կարող է հանդուրժել ինչ-որ ժամանակ։ Անընդհատ հայհոյել և վիրավորել ոստիկաններին՝ մենք չենք հանդուրժելու»։

Հարցին, թե ոստիկանությունը շարունակելո՞ւ է ավելի կոպիտ ձևով վերաբերվել քաղաքացիներին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. – «Դա հիմա ձեր ենթադրությունն է արդեն, ոստիկանությունը երբեք կոպիտ չի եղել»։

Մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Հայաստանի ոստիկանությանը մեղադրել էր քաղաքացիներին ծեծի ենթարկելու մեջ:

Դիտել տեսանյութը