Ադրբեջանի Մեջլիսն առաջարկում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից․ Factor.am

Ադրբեջանի Միլլի Մեջլիսն այսօր քննարկել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ նախօրեին ընդունված բանաձևը։

Մեջլիսը հանդես է եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային Մինսկի խմբից հեռացնելու պահանջով։ Բացի այդ՝ կոչ է արվում վերանայել Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունները, վերլուծել տնտեսական հարաբերությունները և քայլեր ձեռնարկել։ «Միլլի Մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային Մինսկի խմբից հետ կանչելու համար, որն իր դիրքորոշմամբ ու հայտարարություններով վերջին օրերին կասկածի տակ է դնում իր չեզոքությունը»,- ասվում է հայտարարությունում։

Քննարկումների մեկնարկին Մելջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն «ամոթալի» է որակել։ «Այս ամենը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի համանախագահությունը։ Ադրբեջանի ջանքերով այսօր նոր իրականություն է ստեղծվել։ Ֆրանսիան պիտի հաշտվի ստեղծված իրավիճակի հետ և կանգնի ճշմարտության կողքին»,- ասել է Գաֆարովան։

Բացի այդ, այսօր 40 հասարակական կազմակերպությունների ներկայացուցչներ բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելով Սենատի ընդունած բանաձևի դեմ։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նախօրեին ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ ձայների 305 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ:

factor.am