«Ռազմինֆո»-Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այսօր` օգոստոսի 4-ին, այցելել է մի քանի մարտական դիրք և այնտեղ հանդիպել կամավորական ջոկատներին: Տրամադրությունը սահմանին թե՛ զինծառայողների, թե՛ կամավորների մոտ ավելի քան մարտական է:
Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրեց Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Ըստ մամուլի քարտուղարի` այցի ընթացքում սահմանին կրակոցներ չեն հնչել, իրավիճակը հանգիստ է եղել:
«Վարչապետը ողջունել է կամավորների որոշումը, որ նրանք պատրաստակամ ու կամավոր այսօր կանգնել են զինծառայողների կողքին: Զինծառայողների համար դա շատ մեծ բան է, քանի որ փորձառուներն իրենց հետ նույն դիրքում կրում են նույն վտանգը»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը:
Արա Հարությունյանն օրվա ընթացքում շրջել է մի քանի մարտական դիրքերում, իսկ գիշերը զինծառայողների հետ մարտական հերթապահություն է իրականացնելու մարտական հենակետերից մեկում:
«Զինծառայողները ոգևորվել էին, որ ղեկավարությունը գալիս և հատկապես գիշերն է իրենց հետ անցկացնում, քանի որ հիմնական միջադեպերը կատարվում են հենց գիշերային պայմաններում»,- եզրափակեց մամուլի քարտուղարը:
Հավելենք, որ օգոստոսի 3-ին ևս Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել էր մարտական դիրքեր և գիշերն անցկացրել այնտեղ: