ԱՄՆ ՄԶԳ. $1 միլիոն դոլարի աջակցություն տեղահանված անձանց

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոն 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում (ՊՀԾ)։ Նպատակն է՝ դրամական օգնություն տրամադրել Հայաստանում սննդամթերքի կարիք ունեցող տեղահանված անձանց։ 

Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև կնպաստեն  տնտեսության զարգացմանը։ Կանխիկ գումարով սնունդ ձեռք բերելու հնարավորությունը կօգնի ակտիվացնել տեղական շուկաների շարժը, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա:

Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված ջանքերի` ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց: 

Ըստ ՊՀԾ-ի վերջերս անցկացրած գնահատման՝ մարդկանց պարենային ապահովության մակարդակը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում: Այս դրամական օգնությունը Հայաստանում շատերին կօգնի զերծ մնալ գոյատևման այնպիսի բացասական հետևանքներից, ինչպիսիք են թերսնուցումը կամ սնունդ գնելու համար գումար պարտք անելը։  Այս նախաձեռնության շրջանակում տեղահանված բնակիչները կկարողանան բավարարել սննդամթերքի իրենց կարիքները։  

«Ընդհանուր առմամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն ՊՀԾ-ի ամենամեծ դոնոր կազմակերպությունն է և աջակցում է սննդի ապահովությանն աշխարհով մեկ: Մեզ համար պատիվ է ընդլայնել մեր գործընկերությունը Հայաստանում՝ այս մարդասիրական օգնության շրջանակներում»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի հայաստանյան ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչը: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի այս առատաձեռն ներդրումը, ինչը կօգնի մեզ ավելի շատ մարդկանց հնարավորություն ընձեռել գնելու իրենց հիմնական սնունդը տեղական շուկաներից»:

Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությունից օգտվող հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ՝ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: