Ստեփանակերտում կառուցվող բնակարանները սոցիալական որոշ խմբերի կտրամադրվեն առաջնահերթ և անհատույց

Ստեփանակերտում շինարարական եռուն աշխատանքներ են ընթանում: Վերանորոգվում են ոչ միայն հրթիռահրետակոծության հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի շենք-շինությունները, այլ նաև շարունակվում են մինչ պատերազմը մեկնարկած բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը տեղեկացրեց, որ մինչև 2021 թվականի մայիսը մայրաքաղաքում  նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 300 նոր բնակարան:

«Այդ բնակարանները տրամադրելու գործընթացում, ըստ քաղաքապետարանում արդեն իսկ առկա ցուցակների՝  առաջնահերթությունը տրվելու է զոհվածների ընտանիքներին,   առաջին կարգի զինհաշմանդամներին, երկկողմանի ծնողազուրկներին ու բազմազավակ ընտանիքներին: Բնակարանները տրամադրվելու են անվարձահատույց հիմունքներով: Ընդհանրապես կացարաններով ապահովելու խնդիրը շարունակում է քաղաքապետարանի գործունեության առաջնահերթություններից մնալ: Այժմ շարունակվում է վնասված բնակարանների գույքագրման գործընթացը: Այն բնակարանները, որոնք ենթակա են վերանորոգման, անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում: Մինչ այդ ընտանիքին տեղավորում են այլ ժամանակավոր կացարանում: Նաև արվում է հնարավորը, որպեսզի տեղահանված բնակիչներից մեզ դիմող ոչ մի մարդ անօթևան չմնա: Տեղահանված բնակչությանը ժամանակավոր տեղավորում ենք Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն-ինտերնատում և այլ հնարավոր կեցավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտի մոտակա գյուղերում»,-մանրամասնեց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ այստեղ