Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։

Ողջունելով հյուրերին, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև 10 մլն ծառ նախաձեռնությանն արձագանքի համար, ապա վերահաստատել հանձնառությունը և պատրաստակամությունը ամենաբարձր մակարդակում սերտ համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության և Լիտվիայի Հանրապետության միջև՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն զարգացման և կառավարման։

Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար ոչ հեշտ հետպատերազմական ժամանակերում շրջակա միջավայրի ոլորտին ուղղված նախաձեռնությունների շարունակական և անխափան ընթացքն ապահովելու համար։ Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտեց, որ հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջև։

Հանդիպմանը քննարկվել են ապագա համագործակցության հեռանկարները և ընթացիկ ծրագրերն ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մասնավորապես քննարկվել են անտառային քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր։

Լիտվայի Հանրապետությունը հանդիսանում է առաջին երկրներից մեկը, որ պատրաստակամություն է հայտնել տրամադրել 10 000 հատ կեչու տնկի՝ՀՀ Կառավարության 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում։

Քննարկվել են նաև լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։