Տեսչական ստուգումները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում. Ի՞նչ է արձանագրել Վանաձորում ԱԱՏՄ ստուգայցը

Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն և նորմերին չհամապատասխանող գրանցամատյաններ. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Վանաձոր քաղաքում ստուգայցերի ժամանակ։

Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը «Հայփոստ»-ի բաժանմունքում, դպրոցներում, մանկապարտեզներում, դեղատներում և առևտրի կետերում։ Քաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում ԱԱՏՄ տեսուչները խախտումներ չեն արձանագրել։

Ստուգայցերին զուգահեռ տեսչականի աշխատակիցները իրազեկման թերթիկներ են փակցնում ուսումնական հաստատություններում։ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ մյուս տնտեսավարողների մոտ հիմնականում եղել են արագ շտկման ենթակա թերացումներ, որոնց մասին տնտեսավարողները զգուշացվել են, որոշ դեպքերում տրամադրվել են նաև գրանցամատյանների ձևաչափեր։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։