«Հայաստան» համահայկական հիմնադրամը 30 տարեկան է

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են․

«30 տարի առաջ այս օրը՝ մարտի 3–ին,   նորանկախ Հայաստանի առաջին նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Այդ նշանակալի օրվանից ի վեր, հիմնադրամը գործեց  ի նպաստ Հայաստանի և Արցախի բարօրության՝ իրականացնելով ավելի քան 1500 ծրագիր՝ առողջապահական, կրթական, ենթակառուցվածքների վերականգնման, բնակարանաշինության, համայնքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում:

Վերջին 3 տասնամյակների ընթացքում, աշխարհի բոլոր անկյուններից 1,5 միլիոն նվիրատու ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար  ներդրում է կատարել Հայաստանում  և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերում ՝ սատարելով ավելի քան  800,000 շահառուի:

Ողջ աշխարհի մեր գործընկերներն ու կամավորները՝ համախմբելով իրենց ռեսուրսներն ու ջանքերը, նասելի  աջակցություն են ցուցաբերել հիմնադրամի ծավալած գործունեությանը: Շատերը հիմնադրամի կողքին են առաջին օրվանից, և այսօր մենք նշում ենք նրանց  3 տասնամյակի նվիրումը:

Շնորհակալություն ենք հայտնում ձեզնից յուրաքանչյուրին  Հայաստանի, Արցախի  ու համայն Սփյուռքի ժողովրդին այդչափ  նվիրվելու ու աջակցելու համար:

30 տարի առաջ սկսվեց «Հայաստան» հիմնադրամի մեծածավալ գործունեության երկար ճանապարհը, սակայն այն դեռ երկար է ընթանալու: Մենք կարող ենք և պետք է համախմբվենք ու  այն անցնենք միասնաբար»: