«Փաստինֆո»-«Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան» ԶԼՄ-ների միջոցով տարածել է հայտարարություն «Էյր Արմենիա» ավիաընկերության կողմից պարտավորությունները տասնօրյա ժամկետում չկատարելու հնարավոր հետևանքների մասին:
Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը` արձանագրելով, որ գործարարության նորմերը պահանջում են, որպեսզի նման ծանուցումները կատարվեն ուղիղ հաղորդագրության միջոցով, այլ ոչ թե՝ հրապարակայնորեն, և հասկանալի չէ, թե ի՞նչ նպատակով է կատարվել խուճապ առաջացնող վերոհիշյալ հայտարարությունը:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև վերջերս Պետական կորպորացիային վճարումները կատարում էր ԱՄՆ դոլարով:
Սակայն իրականացված որոշ վճարումներ չեն հասել հասցեատիրոջը, քանի որ ԱՄՆ-ի և Եվրասմիության կողմից կիրառվել են պատժամիջոցներ՝ Պետկորպորացիային սպասարկող ռուսաստանյան «ՍՆՊ» բանկի նկատմամբ:
Խնդիրը քննարկվել է Պետկորպորացիայի ղեկավարության հետ և համաձայնեցվել են դրա լուծման ուղիները և ժամկետները:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ չվերթերն իրականացնում է և իրականացնելու է՝ համաձայն չվացուցակի, և խնդրում է իր հաճախորդներին և գործընկերներին չմատնվել խուճապի վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ:
Հեղինակ: «Փաստինֆո»