Տեսանելի դարձնել անտեսանելին. ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում լույս սփռել Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վրա

Տեսանելի դարձնել անտեսանելին. ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում լույս սփռել  Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վրա
Տեսանելի դարձնել անտեսանելին. ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում լույս սփռել Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վրա

Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող տիկին Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կոչ է անում Հայաստանի կառավարությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների հանդեպ բռնության դեպքերին:

Չնայած՝ երեխաների սեռական շահագործման դեպքերի թիվը ցածր է` համաձայն պաշտոնական տվյալների, սակայն մարդու իրավունքների փորձագետը մատնանշել է երեխանպաստ գործունեության շրջանակներում դեպքերի բացահայտման և հաղորդման մեխանիզմների բաց և կոչ է արել իշխանություններին ստեղծել տվյալների հավաքագրման և տեղեկատվության համապարփակ համակարգ:

«Երեխաների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է համապատասխան ռեսուրսների և ինտեգրված մոտեցման առկայություն», – ասել է տիկին դե Բյոր-Բուքիքիոն Հայաստան իր առաջին պաշտոնական այցի ավարտին՝ միաժամանակ կոչ անելով ստեղծել խնամքի և վերականգնողական ծառայություններ՝ երաշխավորելու  բռնության և անուշադրության զոհ դարձած երեխաների վերականգնումը և վերաինտեգրումը:

Հատուկ զեկուցողը կոչ է արել նաև երեխաների արդյունավետ պաշտպանության ազգային համակարգի շրջանակներում նախատեսել երեխաների ներգրավման մեխանիզմներ: Ինչպես մի դեռահաս աղջիկ ասաց նրան Գյումրի կատարած այցի ժամանակ՝ «Չափահասները պետք է ականջալուր լինեն մեզ, երբ մեր կյանքին վերաբերող որոշումներ են կայացնում»: Տիկին դե Բյոր-Բուքիքիոն դիմել է իշխանություններին՝ այս կոչը իրականություն դարձնելու խնդրանքով՝ Հայաստանում երեխաներին լավագույնս պաշտպանելու առաքելությամբ:

Անկախ փորձագետը ողջունել է ընթացիկ օրենսդրական բարեփոխումների իրականացումը և դիմել է նաև օրենսդիրներին՝ արագացնելու Ընտանեկան և Քրեական օրենսգրքերի համապատասխանեցումը Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ներառյալ՝ որդեգրման հետ կապված բոլոր հարցերի վերջնական կարգավորումը:  

«Որդեգրումը պետք է բխի երեխայի լավագույն շահերից և ոչ՝ որդեգրող ծնողների:  Որդեգրումը պետք է լինի վերջին հնարավոր միջոցը», – նշել է նա: Նա նաև կոչ է արել Կառավարությանը և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն սահմանել ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը՝ որպես երեխաների դեմ չարաշահման և բռնության, ինչպես նաև գենդերային անհավասարության դեմ պայքարի և կանխարգելման գործիք:  

Ի թիվս այլ առաջարկությունների, Տիկին դե Բյոր-Բուքիքիոն  խրախուսել է Կառավարությանը իր ուշադրությունը սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաների  ինստիտուցիոնալացումից սևեռել դեպի ընտանեկան խնամքի և համայնքի վրա հիմնված ծառայությունների մատուցում:   

Ավելին, երեխաների պաշտպանության համակարգում առկա են թերություններ, որոնք կարող են լուծվել տեղական մակարդակում՝ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներում վերապատրաստված հաշվետու մասնագետների նշանակման միջոցով:

«Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կարգավիճակը պետք է վերանայվի երեխայի պաշտպանության համապարփակ քաղաքականության շրջանակներում՝ օժտելով այն համակարգման և վերահսկման գործառույթներով», – հավելել է տիկին դե Բյոր-Բուքիքիոն:   

Հատուկ զեկուցողը   բարձր է գնահատել թրաֆիքինգի դեմ պայքարում Ոստիկանության՝ անչափահասների իրավունքների և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ղեկավարությամբ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից կատարված համակարգման աշխատանքը: Ավելին, նա նշել է, որ  այս մոդելները պետք է ընդարձակվեն և արտացոլվեն՝  առավել արդյունավետ պայքարելու երեխաների սեռական չարաշահման, բռնության և սեռական շահագործման դրսևորումների դեմ:

Եզդիների փոքրամասնության շրջանում տարածված երեխաների ամուսնությունների վերաբերյալ մարդու իրավունքների փորձագետը կոչ է արել իշխանություններին իրականացնել իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ Եզդիների համայնքի ղեկավարների հետ միասին՝ բացառելու երեխաների ամուսնության դեպքերը:

Համացանցի արագ աճող թափանցելիության մակարդակի վերաբերյալ տիկին դե Բյոր-Բուքիքիոն նշել է, որ այն մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին, բայց նաև պահանջում է պարտադիր իրազեկել երեխաներին և ծնողներին համացանցի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին:  «Մասնավորապես, ես առաջարկում եմ Կառավարությանը համագործակցել ՏՀՏ ընկերությունների, դպրոցների և հասարակական կազմակերպությունների հետ թվային կրթության միջոցառումների կազմակերպման գործում՝ թիրախավորելով ոչ միայն երեխաներին, այլ նաև ծնողներին և խնամողներին», – կարևորել է նա:

Հայաստան իր այցի ընթացքում՝ մայիսի 12-ից 18-ը, մարդու իրավունքների փորձագետը հանդիպումներ է ունեցել գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, ոստիկանության, դատախազության, օմբուդսմենի, իրավաբանների, հեռահաղորդակցման օպերատորների, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների, ինչպես նաև հենց երեխաների հետ:  

Այցի վերջնական զեկույցը հատուկ զեկուցողը կներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին 2016թ.:  

Առաքելության ավարտի վերաբերյալ հայտարարության ամբողջական տարբերակն`այստեղ 

Հաղորդագրությունը տրամադրել է ՄԱԿ-ի  Հայաստանի գրասենյակը: