Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակիչ ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում ստացել է բժշկական օգնություն

Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուս խաղաղապահների կողմից հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմից ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքն ապահովելու համար:

Մեկ օրում ռազմական բժիշկները ԼՂ Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի 21 բնակչի բժշկական օգնություն են ցուցաբերել:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակիչ ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում ստացել է որակավորված բժշկական օգնություն, այդ թվում՝ ավելի քան 120-ը երեխա:

Դիմած բոլոր քաղաքացիները տեղակայված շարժական հոսպիտալում ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ՝ որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների զննումից հետո:

Տեղի բնակիչները որպես կանոն, դիմում են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման, ինչպես նաև ատամնաբուժական օգնության տրամադրման հետ կապված:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում է 60-ից ավելի բժշկական մասնագետ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: