Հանդիպում-քննարկում՝ Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածուների հետ

Հայաստանն առաջին անգամ ներկայացված է Եվրոպական միության գրական մրցանակի: «ԱրթԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել հանդիպում գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի անդամների հետ։

Մայիսի 7-ին կայացած հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նախարարի տեղակալը ողջունել է գրողներին, հրատարակիչներին և հայաստանյան հանձնաժողովի անդամներին, «Ստեղծարար Եվրոպա» գրասենյակին ու ներկաներին՝ ընդգծելով Եվրոպական միության հետ համագործակցության կարևորությունը. «Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը բազմատարր է և ընդգրկում է տարբեր ոլորտներ։ Շատ եմ կարևորում գլխադասային գրասենյակի հետ մեր երկխոսությունը նաև մեդիա բաղադրիչն ավելացնելու առումով։ Մեր թեկնածուներին էլ մաղթում եմ հաջողություն և հաղթանակ»։

ԵՄ պատվիրակության դեսպան Ա. Վիկտորինն իր հերթին շնորհավորել է թեկնածուներին, հաջողություն մաղթել և սիրով նշել, որ ինչ-որ ժամանակ ինքն էլ է ուսումնասիրել գրականություն. «Գրականությունը շատ կարևոր է բոլորիս կյանքում։ Այն մեզ ոգեշնչում է և լցնում հույսով, գրականությունն այն է, ինչ պետք է այժմ Հայաստանին։ Այս ծրագիրը կամրջում է տարբեր երկրների մշակույթները և դրանք տեսանելի է դարձնում եվրոպական երկրներում»։

Դեսպանը կարևորել է Հայաստանում ոչ միայն գրական, մշակութային, այլև ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտների համագործակցությունը, ինչը տնտեսապես զարգանալու գրավականն է։

Հայաստանը ներկայացնող 5 ստեղծագործություններն են՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին»։

Հանդիպման 2-րդ՝ ոչ պաշտոնական հատվածում գրողները և հրատարակիչները պատմել են ստեղծագործությունների, արված աշխատանքների մասին և յուրաքանչյուր գրքից կարդացել հատվածներ։

Վերհիշելով գրականություն մուտքի առաջին տպավորություններն ու զգացողությունները՝ գրողներն անկեղծացել են ընթերցողների առջև: «Հիշում եմ «Գրեթերթ»-ի սենյակը, որն ասոցացվում էր գրականության հետ: Գրականությունը մեզ համար երազ էր, ինչ-որ առումով՝ նաև հեքիաթ: Եվ այն ահռելի հավատը, որ ունեմ գրականության հանդեպ, այս տարիների ընթացքում անբեկանելի է»,- ասել է Արամ Պաչյանը: Ստեղծագործության մասին խոսելիս հեղինակը նշել է, որ «PF»-ը հանրահաճո գիրք չէ. այն ծնվել է ներքին ազատությունից և անցած երկար ճանապարհի արդյունք է:

Անուշ Սարգսյանի «Անոն» պատմվածաշարն էլ ներկայացնելիս խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այն որակել է որպես մեր ժամանակների կնոջ կերպարը բնութագրող ամբողջականություն:

Գրողներն ու հրատարակիչները միմյանց հաջողություն են մաղթել՝ փաստելով, որ ցանկացածի հաղթանակը Հայաստանի, ասել է թե՝ բոլորի հաղթանակն է:

Նշենք, որ մասնակից յուրաքանչյուր երկրից հաղթելու է մեկ ներկայացուցիչ. անունները կհայտարարվեն մայիսի 18-ին՝ առցանց միջոցառման ընթացքում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։