Մեքենայից հափշտակել էր պայուսակ ու ատրճանակ․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի մեքենայից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները զրուցել էին տուժողի հետ: Պարզվել էր` օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են կախազարդ և պայուսակ, որի մեջ կար փող և «Վալտեր» տեսակի գազային ատրճանակ՝ 8 փամփուշտով:

Ոստիկանները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին: Քրեական հետախույզները փոխգործակցելով համայնքային ոստիկանների հետ՝ ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ իրականացրին:

Հետևողական աշխատանքի արդյունքում հաղորդումից օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Ռուբինյանց փողոցի 48-ամյա մի բնակիչ:

Դեկտեմբերի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նա տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։