«Պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները»․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հանրապետության նախագահն այս բարդ պահին վերստին կոչ է անում դուրս գալ զուգահեռ իրականությունից, գիտակցել ներկա վտանգները. «Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ:

Սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երևակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն և գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր:

Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ»:

Արմեն Սարգսյանը վերահաստատում էելքի իր ծրագիրը, որի վերաբերյալ բազում ուժեր և կառույցներ արդեն համաձայնության են եկել նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից ու դրան հաջորդող պետության կազմաքանդումից հետո.

«Առաջինը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար:

Երկրորդը, պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում:Երրորդը, խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ:

Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում:

Կրկնում եմ՝ պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջև պետք է գործի հակակշիռների և զսպումների համակարգը, բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան: Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ»:

Մնում է հստակեցնել, թե ինչպես իրականացնել այս ծրագիրը քաոսի և աբսուրդի պայմաններում, երբ օրվա իշխանությունը և իշխանամերձ շրջանակները, ի հեճուկս ողջամիտ բոլոր փաստարկների, քաղաքացիների ճնշող մեծամասնության շահերը ոտնակոխ լինելու իրականության մեջ (լինեն դրանք իրենց զինվորներին կորցրած, նրանց գերիների ու պատանդների մեջ փնտրող ու սպասող, սահմանամերձ բնակավայրերում իրենց տունն ու հողը, այգիներն ու արոտավայրերը, ճանապարհներն ու ենթակառուցվածքները կորցրած ու կորցնող բազում քաղաքացիներ), շարունակում են որպես սրբազան «մանտրա» տրանսի մեջ կրկնել՝ «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի իշխանության մարմնացումն է, նա պետք է կազմակերպի ընտրությունները» 2018-ի -ի դեկտեմբերը 2021-ի հունվարի հետ միտումնավոր թե անմիտում շփոթած բարբառում են՝ «ժողովուրդը Փաշինյանն է», մնացյալք ուսապարկ են:

Հիմա ինչպես օրենքի գերակայության կարգախոսով ճշտենք՝ ո՞վ է ժողովուրդը, 2018-ի դեկտեմբերին Փաշինյանի ընտրություններին չմասնակցած ընտրողները, որոնք 51,37 տոկոսն են կազմել ՀՀ բոլոր ընտրողների, գումարած Փաշինյանին և, իր իսկ թիմի բանաձևմամբ, նրա «ուսապարկերին» քվեարկած ու այսօր նրա հրաժարականը պահանջող մարդիկ, կառույցները, քաղաքական ուժերը ինչո՞ւ Փաշինյանի և նրա շրջապատի համար համառորեն ժողովուրդ չեն համարվում: