Անվճար կոլոնոսկոպիա ՈւԱԿ-ում՝ 45 տարեկանից բարձր անձանց համար

Կոլոռեկտալ քաղցկեղը 3-րդ ամենատարածված քաղցկեղն է մեծահասակների մոտ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունում այն նույնպես բավականին տարածված է: Վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս կոլոռեկտալ քաղցկեով հիվանդացության որոշակի աճի միտում՝ 2009 թվականի համեմատ 2019 թվականին նոր դեպքերի թիվը մոտ 100-ով ավելի է։

Վաղ հայտնաբերման դեպքում կոլոռեկտալ քաղցկեղը կարող է լիարժեք բուժվել: 5-ամյա ապրելիությունը միջինում կազմում է մոտ 64%, իսկ վաղ հայտնաբերման դեպքում այն հասնում է 90%-ի։  

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման հետազոտական մեթոդի ոսկե ստանդարտ է համարվում կոլոնոսկոպիան, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել այլ նաև հեռացնել պոլիպները կամ  կասկածելի գոյացությունից վերցնել կտոր հյուսվածաբանական հետազոտության համար: Այս մեթոդով պոլիպների հեռացումը կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, այն է կոլոռեկտալ քաղցկեղի տարածվածությունը և վաղ հայտնաբերման կարևորությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի լավագույն էնդոսկոպիկ համակարգ (կոլոնոսկոպ, գաստրոսկոպ, դուոդենոսկոպ):

Գիտակցելով իր սոցիալական պատասխանատվությունը քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցում, ՈՒԱԿ-ը վեց ամիս կիրականացնի անվճար կոլոնոսկոպիա (ներառյալ անզգայացումը) 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։

Այս մասին հայտնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։